«Ստահակը ստորագրելով հայտարարությունը՝ վաճառեց ոչ միայն մատղաշ երեխաների կյանքը, այլև այն իմ ընկերների, որոնք ընկան 1992-94 թվականներին». Արա Սահակյան

«Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներն այս պահին հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ։

Հանրահավաքի մասնակից, 1992-98 թթ. խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը դիմելով ներկաներին, ասաց, որ նրանք, ովքեր տեսնում են իր բաշը, գլուխը, հասկանում են, որ տարիքն առած մարդ է։

«Այստեղ սպիտակած մարդ շատ չկա, որովհետև այստեղ կարող էին լինել իմ հասակակիցները, 8 հազար հոգի, որոնք ընկան 1992-94 թվականներին։ Այս ստահակը ստորագրելով հայտարարությունը և հայտնելով իր համաձայնությունը՝ հողերը հանձնելու, նա ոչ միայն վաճառեց այս մի քանի հազար մեր մատղաշ երեխաների կյանքը, այլև այն իմ ընկերների, որոնք ընկան 1992-94 թվականներին։ Նա հաղթանակների զինվորներին դավաճանեց, պղծեց նաև նրանց հիշատակը, նա զրոյացրեց ամբողջ 30 տարվա մեր պայքարը»,- հայտարարեց Արա Սահակյանը։

Ըստ նրա, նման դավաճանություն, հանցագործություն կարող էր անել միայն պարանոյիկը, որն ապրում է  իր զառանցանքների աշխարհում։

«Կան մարդիկ, որոնք ասում են՝ թող Փաշինյանը մնա, ես հարց եմ տալիս, եթե նա մնա, կարող են ասել, որ մնում է՝ էլ ի՞նչ հանձնի, ի՞նչ է կիսատ թողել, էլ ի՞նչն է մնացել հանձնելու, էլ ի՞նչ կա ավերելու, պղծելու։ Ընտանիքը պղծեց, մեր ազգային արժեքները պղծեց, Ղարաբաղը ոչնչացրեց, նվաստացրեց և շարքից հանեց մեր հերոսներին, գեներալներին, ո՞վ է այս անարմատ հիվանդը, դժոխքի ծնունդ։ Բոլոր երկրների սահմանադրություններում ու օրենքներում պաշտոնյան ընտրվում է  ժամկետով, բոլոր սահմանադրությունները նախատեսում են նման իրավիճակում պաշտոնանկություններ ու հրաժարականներ»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս