«Ինքը Լևոնի պես մտածում էր, որ այդ տարածքները պետք է տան, և տվեց ամենախայտառակ ձևով». Հրանտ Մարգարյան
Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին ներկա ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ուշացած քայլ չէ՞ այս հանրահավաքը, պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ, միշտ էլ կարելի է ասել, որ ամեն պահ ավելի ուշ է, բայց որ սկսել ենք, կհասցնենք ավարտել, կհասցնենք վիճակը փրկել:
Ավելի ուշն էլ կա, էդ ուշից չպետք է վախենանք մենք, հակառակը՝ պետք է համախմբվենք, ոտքի ելնենք և կացություն փոխենք»:
Անդրադառնալով հրաժարականի պահանջին՝ Հրանտ Մարգարյանը նշել է. «Որովհետև ինքն է գլխավոր չարիքը: Վերջապես ինքը 2.5 տարի այս երկիրը առաջնորդել է դեպի պարտություն, և այդ պարտությունը մենք ստացել ենք իր շնորհիվ: Բանակը վարկաբեկեց, սպայական կազմը վարկաբեկեց, սպառազինություն տեղի չունեցավ, հարաբերությունները փչացրեց, արեց ամեն ինչ, որ մենք դառնանք պարտվող ազգ: Եվ սա է, որ պետք է կանխել, փոխել և պետք է իրեն փոխելով սկսել»:
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետը մինչ այս պահը շարունակում է մանիպուլյացնել հասարակությանը, կհաջողի՞ արդյոք այդ հարցում, Հրանտ Մարգարյանը արձագանքել է. «Կարծում եմ՝ միշտ փորձում է, այս վերջերս ասել է՝ վրեժը պետք է Երևանում լուծենք, փոխանակ ասի՝ վրեժը պետք է թշնամուց լուծենք:
Այնքան բան ենք կորցրել թշմնամուն, որ նրանից վրեժ լուծելը ամեն հայի առաքելությունն է, բայց ինքը դեռ փորձում է շեղել ժողովրդին, թուրքից բերի ներս, ներսում քաղաքացիական պատերազմ սկսի, բախումներ սկսի: Ինքը չարիք է, իսկապես չարիք է»:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե 5 օր հետո գնար զիջման, այս ամեն ինչը չէր լինի, ՀՅԴ անդամը նշել է.
«Եթե իր մտքում չլիներ տարածքներ զիջելը, մենք տարածք չէինք զիջի ո՛չ պատերազմից հինգ օր հետո, ո՛չ նախքան էդ, ո՛չ էլ հիմա:
Հարցը նրանում է, որ իր մտքում արդեն ուներ, իր ենթագիտակցությունը: Լևոնի աշակերտն է եղել ինքը, Լևոնի մոտ է դաստիարակվել և մեծացել. ինքը Լևոնի պես մտածում էր, որ այդ տարածքները պետք է տան, և տվեց ամենախայտառակ ձևով»:



