«Նիկոլն ունի մեկ սրբություն, դա պատահաբար նախկիններին մերժելու արդյունքում իր ձեռքում հայտնված իշխանությունն է». Նաիրա Զոհրաբյան

«Համախմբում հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Կառավարություն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամանակը գալու է, և բոլորը ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

«ՊՈԱԿ-ի Հովոները, տարատեսակ ֆեյք կոորդինատորները, բոլորի անունները հատ-հատ գիտենք, բոլորը շատ դաժան պատասխանատվության են ենթարկվելու՝ որպես դավաճանի իշխանությունը կյանքի գնով պահողներ»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին շատ լավ գիտի, այս տարիների ընթացքում իրեն երբևէ թույլ չի տվել խոսել։

«Ի տարբերություն Նիկոլի, ով թքած ունի կերած հացի վրա, ում համար չկա որևէ սրբություն։ Ես ասում եմ՝ Նիկոլն ունի մեկ սրբություն, դա պատահաբար նախկիններին մերժելու արդյունքում իր ձեռքում հայտնված իշխանությունն է։ Արցախ, Հայաստան, ամեն ինչ նա կհանձնի, միայն թե իր և իր կնոջ իշխանությունը պահի, դրա համար ես դիմեցի նրա կնոջը, որովհետև գիտեմ, թե նրա վրա ինչ ազդեցություն ունի կինը։ Դիմեցի նրան՝ որպես մայր, կին, ով անսահմանափակ ազդեցություն ունի ամուսնու վրա, թող բռնի ձեռքը, հրաժարական տա, վաղը կարող է այդ շանսը չունենա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև շեշտեց, որ այս պահին ԱԺ լծակներով կարելի է անել մեկ բան, եթե ԼՀԿ իրենց գործընկերները, որոնք վստահաբար տեսնում են, թե ինչ է կատարվում, միանան իրենց, և հրավիրվի արտահերթ նիստ։

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք թաքուն կապերով, սիգնալներով զանգահարում են ինձ ու տեղեկացնում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, որ իրենց հետ ոչինչ չի քննարկվել։ Զանգարահում են ոչ միայն իշխանական պատգամավորներից, այլև իրենց առանցքային դեմքերից։ Ասում են, որ վերջին պահին կմիանան մեզ, ես էլ ասում եմ, ի՞նչ վերջին պահ, ցանկացած պահ Հայաստանն ու Արցախը կորցնելու համար կարող է լինել վերջինը, դուրս եկեք և միացեք մեզ։ Եթե ինձ ձերբակալեն, ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ես բերդում արժանապատիվ եմ նստելու, շատ փակագծեր չբացեմ, ես պատրաստ եմ։ Ասում եմ՝ Նիկոլ, դու չես կարող Արցախը հանձնածի խարանը քո վրայից հանել, դու մնալու ես՝ որպես դավաճան»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս