Անդառնալի աղետին մնացել է ընդամենը 4 օր. ժամը 13։00-ինեղեք Ազատության հրապարակում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Խնդրում և պահանջում եմ`վաղը 13։00-ին եղեք Ազատության հրապարակում, անդառնալի աղետին մնացել է ընդամենը 4 օր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական թուղթ ստորագրելուց հետո ուղիղ մեկ օր է անցել, բայց նա դեռ զբաղեցնում է Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, ամեն մեկս առանձին վերցրած և բոլորս միասին ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին։ Հալալ է մեզ… Առաջ կարծում էի, որ Արցախը վաճառող որևէ գործիչ 5 րոպեի կյանք չունի քաղաքական դաշտում։

Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Խնդրում եմ մի պահ փորձեք կտրվել լրահոսից, բացեք Արցախի քարտեզը և տեսեք, թե ինչ է մեզ «մնալու» Փաշինյանի դավաճանության հետևանքով։ Ինչու՞ եմ «մնալ» բառը չակերտների մեջ վերցրել։ Մեկ պարզ պատճառով։ Որովհետև իրականում այդ թղթով մենք ողջ Արցախն ենք փաստացի հանձնոմ թշնամուն։ Լսու՞մ եք` ՈՂՋ Արցախը։ Որովհետև այդ սահմաններով Արցախ գոյություն ունենալ չի կարող։ Ու այդ դավաճանական ծրագրի կյանքի կոչմանը մնացել է հիմա արդեն 4 օր։ Իսկ երեկ դեռ 5 օր ունեինք։

4 օր Հայրենիքը փրկելու համար։ 4 օր անց Դադիվանքի խորանը կպղծվի։ Մեր սրբությունը ոտքի կոխան կդառնա թշնամու համար։ Մեր արժանապատվությունը հողին կհավասարեցվի։ Եթե, իհարկե, այդ ընթացքում իրավիճակ չփոխվի։

Իսկ իրավիճակ հաստատ կփոխվի։ Պարտավոր ենք փոխել։ Դրա համար բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են իմ խոսքին, խնդրում և պահանջում եմ` վաղը 13։00-ին եղեք Ազատության հրապարակում։ Վաղը լինելու է համազգային հանրահավաք։ Վաղը լինելու է ազգային-ազատագրական հանրահավաք։ Ու հենց վաղն է որոշվելու Արցախի ապագան։ Որովհետև առաջնագծի մեր տղերքը դեռ պահում են իրենց դիրքը։ Մենք էլ մեր դիրքը պետք է զբաղեցնենք։

Հավատացեք, սիրելի ընկերներ, սա զուտ խոսքեր չեն։ Սա մեր վերջին շանսն է։ Վաղը դավաճան իշխանության հարցերը պետք է լուծվեն։ Նորից եմ կրկնում` անդառնալի աղետին մնացել է ընդամենը 4 օր»,- գրել է Մելիք-Շահնազարյանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս