ՀՀ վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի համաձայնությամբ․ Պարույր Հայրիկյանը՝ Արցախի վերաբերյալ հայտարարության մասին

Նոյեմբերի 10-ին տարածվել է ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է․

Հայտարարվում է ամբողջական կրակի դադարեցում բոլոր տեսակի մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած հոկտեմբերի 10-ի 00:00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, հետագայում՝ Կողմերը, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։

Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, մ 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահ զորակազմը ռուսական տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ։

Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։

Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո։

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային կապեր Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:  Կողմերի համաձայնությամբ կտրամադրվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ իրավիճակի շտկման ճանապարհներ կան, և ինքը՝  որպես ամենածրագրային ազգային գործիչ, ինքնորոշման շարժման հիմնադիր, ՀՀ վարչապետին հրավիրել է երկխոսության։

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու եմ, եթե չվախենա ինչ-որ բանից կամ իրեն չարգելեն։  Իրեն ասել եմ՝ կհանդիպենք՝ երբ ու որտեղ կամենա։ Պետք է խոսել հնարավոր զարգացումների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը։

Անդրադառնալով համաձայնագրին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց․ «Եթե պետությանը վերաբերող հարց է, պետք է ներկայացուցչական մարմինը հաստատի։ Դա աշխարհում ընդունված կարգ է։  Սահմանադրական դատարանը պետք է հաստատի, հետո էլ Ազգային ժողովը։ Դե, դիկտատուրաների դեպքում ԱԺ վավերացումը պետք չէ, սակայն  խոսքը միայն Արցախի մասին չի, չէ՞, նաև Հայաստանի Հանրապետության մասին է, իսկ ՀՀ վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի համաձայնությամբ»։

 

Տեսանյութեր

Լրահոս