«Դա քաղաքական և ռազմական բնույթ ունեցող ունեցող միջազգային պայմանագիր է, որը պետք է անցներ համապատասխան ընթացակարգ»
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդրում եմ կարդալ, մտածել եւ տարածել❗️❗️❗️
Համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որոշակի իրավունքներ է ձեռք բերում Սյունիքի մարզի նկատմամբ:
Այսպես՝ Հայաստանի Հանրապետությունը՝
(1) երաշխավորում է՝ տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար,
(2) Հայաստանը նաև պարտավորություն է ստանձնում Ադրբեջանի հետ միասին ապահովելու Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
Այսինքն, Հայաստանը պետք է ապահովի և մասնակցի Սյունիքի մարզով անցնող նոր ավտոճանապարհի կառուցմանը❗️
Ակնհայտ են եւ հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել այս ամենի արդյունքում առաջացող վտանգավոր ռիսկերը ու Սյունիքին եւ Հայաստանին սպառնացող վտանգները։
Հայտարարության վերոնշյալ մասն առերևույթ պարտավորություններ է առաջացնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, և, հետևաբար, իր բնույթով ոչ թե հայտարարություն է, այլ՝ քաղաքական և ռազմական բնույթ ունեցող ունեցող միջազգային պայմանագիր, որը պետք է անցներ համապատասխան ընթացակարգ՝ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունն ստանար և վավերացվեր Ազգային ժողովի կողմից։
Հակառակ պարագայում այն առոչինչ դրույթ է։
Եվս մեկ նկատառում. եթե քաղաքական իշխանությունները պնդում են, որ նշված դրույթի նախատեսումն անհրաժեշտ է եղել զինադադարի, իսկ իրականում՝ կապիտուլացիայի հասնելու համար և «առկա չի եղել այն կանխելու որևէ տարբերակ», ապա առնվազն նմանատիպ հայելային պարտավորություն պետք է դրվեր Ադրբեջանի համար՝ սահմանելով վերջինիս պարտավորությունն ապահովել Ադրբեջանի տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր տրաստպորտային ուղու կառուցումը, և դրա երկկողմանի անվտանգությունը քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։
Իսկ հայտարարության մեջ նման դրույթը բացակայում է, ինչը հայկական դիվանագիտության հերթական պարտության վառ օրինակ է։
Պետք է ելքեր փնտրել եւ պահանջատեր լինել մեր սուվերենությանը։
Եւ փառք մեր հայոց բանակին եւ նահատակված հերոսներին։
Չհամարձակվեք մեղավոր նշանակել»։