Արցախում զոհված Վաղարշակը 21 օր շրջափակման մեջ է եղել, 5 հոգու անվտանգ դուրս բերել այնտեղից
Արցախում զոհված Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը դեկտեմբերի 14-ին կդառնար 31 տարեկան: Հարազատները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ նա ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի: Պատերազմի լուրն իմանալուն պես ընկերոջ հետ շտապել էր Արցախ, սակայն այնտեղ թույլ չէին տվել դիրքեր բարձրանալ, ասել էին՝ ամենամեծ օգնությունն այդ պահին այն կլինի, որ արցախցի երեխաներին տեղափոխեն Հայաստան:
«Սեպտեմբերի 28-ին երեխաներին բերեցին Երևան, զինկոմիսարիատում գրանցվեց, 2 ժամ հետո գնաց Ղարաբաղ, ու մինչև վերջ… Գյուղի տղաներից եղան մարդիկ, որ ընթացքում եկան, էլի գնացին, բայց ինքը չեկավ, մինչև վերջին պահը մնացել ու պայքարել է: Այդքան իր տղան էլ խնդրեց, բոլորս էլ, ամեն զանգին ասում էինք, որ գոնե 1 օրով գա տուն, բայց չեկավ»,- պատմեց Վաղարշակի եղբոր կինը՝ Մարիան:
Վաղարշակի եղբայրը՝ Գևորգը, մեզ հետ զրույցում պատմեց, որ եղբայրը 3 շաբաթ շրջափակման մեջ է գտնվել, սակայն իր հետ եղած 5 տղաներին կարողացել է անվտանգ դուրս բերել այնտեղից.
«21 օր Հադրութ քաղաքում շրջափակման մեջ է եղել, 21-րդ օրը 5-ին էլ հանել է: Ոչ մեկին չի ասել, որ շրջափակման մեջ են, հանել է դուրս, նոր ասել է: Հետո իրենց խաբել, ուղարկել է Հայաստան, ասել է, թե գնում է լողանա, որ ինքն էլ հետևներից գա, բայց իրեն կապ են տալիս, գնում է Մարտունի, կռիվ է լինում այնտեղ. մի զինվորի կյանք է փրկում, այդ զինվորի՝ Վահեի կյանքի համար հիմա մենք պայքարում ենք, հիվանդանոցում է, գիտակցության է եկել, աչքերը բացել է ու միայն ասում է՝ Վաղոյին բերեք, Վաղոյին բերեք: Այս երեխուն ինքն իր ձեռքերով է տարել, կազմակերպել և ուղարկել Հայաստան»։ Դրանից հետո փորձել են նորից կապ հաստատել Վաղարշակի հետ, պատմում է եղբայրը, որպեսզի նորից իջնի դիրքեր՝ զոհվածներ, վիրավորներ փրկելու, դրա մասին արդեն հետո պատմել է տեղի շտապօգնության մեքենայի վարորդը: «Պատմեց, որ վերջին զինվորին ախպերս հանել է, դրել շտապօգնության մեքենան, ու հենց մեքենան շարժվել է, և եղբայրս ու իր հրամանատարն էլ պետք է նստեին իրենց մեքենան՝ շարժվեին, այդ ժամանակ շտապօգնության մեքենայի վարորդը հայելիով տեսել է, որ սնարյադն ընկնում է վիլիսի վրա… Շտապօգնության մեքենան չի գնացել… և հենց նույն այդ մեքենայով Վաղարշակին՝ արդեն մահացած, տեղափոխել են»:
Գևորգն ասաց, որ եղբայրը զոհվել է հոկտեմբերի 30-ին, սակայն այդ նույն օրը հասցրել էր զանգել տուն.
«Զանգել ասում էր՝ Մարտունիում եմ, լողանալու եմ ու գամ, 35 օր չէր եկել…»:
Գևորգը պատմեց, որ եղբայրը շատ նպատակներ ուներ, մոտ 10 տարի առաջ ուսումը կիսատ էր թողել, այս տարի նորից ընդունվել էր, համ աշխատում էր, համ սովորում.
«Հեռակա էր սովորում, առաջին հիվանդանոցում էլ շինարարական աշխատանքներ էր կատարում, այնտեղից դուրս էր գալիս՝ գնում դասի, դասը վերջացնում՝ գալիս գործի: Արցախից զանգեց, ասաց՝ քննությունների եմ, գնա տեղյակ պահի, որ Արցախում եմ, քննություններից բացակա չդնեն: Նպատակները շատ-շատ էին, որ կիսատ մնաց…»:
Գևորգն ասաց, որ եղբորորդուն չէին ասել հոր զոհվելու մասին, բայց մտածել են, որ թաքցնելը սխալ է.
«Անիմաստ էր պահելը… հիմա ամեն բան անում ենք, որ երեխեն դուրս գա, խաղա, ուրախանա: Ճիշտ է՝ ինքը գիտի, որ չկա, ասում է՝ իմ պապան Աստված պապիկի մոտ է, ինձ տեսնում է, ես ինձ խելոք կպահեմ, հարցնում է՝ իրեն թուրքերը չեն սպանել, չէ՞, ասում ենք՝ չէ, տղա ջան, ավտովթարից: Իրեն ով մի օր ճանաչել է, Արցախից էլ, բոլորը եկել էին, ամեն մեկը մի լավ բան էր ասում: Այն տղաները, որոնց շրջափակումից դուրս էր բերել, երդում են կերել ու գնացել այն նույն տեղը, որտեղ եղբայրս արյուն է թափել…»:
Վաղարշակ Գալստյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Բյուրականում: