Խաղացե՛ք շախմատ՝ օգնելու համար Հայաստանին և Արցախին․ Գրոսմայստերը՝ առցանց մրցաշարի ու հաղթական քայլ կատարելու մասին
Խաղացե՛ք շախմատ՝ օգնելու համար Հայաստանին և Արցախին։ Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 14-ին և կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Հավաքված գումարն ուղարկվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ himnadram.org:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հոկտեմբերի 31-ին՝ առաջին փուլի ժամանակ, արդեն հավաքել է 3000 դոլար։
Երկորդ փուլը կկայանա նոյեմբերի 14-ին, երրորդը՝ նոյեմբերի 28-ին, իսկ չորրորդը՝ դեկտեմբերի 12-ին։
Ամեն փուլում հաղթողը կխաղա լեգենդար գրոսմայստերներից մեկի հետ։ Նոյեմբերի 14-ին՝ երկրորդ փուլում հաղթողերը խաղալու են Լիլիթ Մկրտչյանի, երրորդ փուլում՝ Գաբրիել Սարգսյանի հետ։ Մասնակցելու համար պետք է գրանցվել այս հասցեով։ Խաղի յուրաքանչյուր մասնակից նվիրաբերելու է 50 դոլար։ Իսկ նշված գումարից ավելին նվիրաբերելը ողջունելի է։ Գումար ուղարկելու համար գործում է հետևյալ հղումը՝ donorbox.org։
Հայաստանի առաջատար գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այս նախաձեռնության մասին՝ հայտնեց, որ այն կազմակերպվել է ամերիկահայ շախմատիստների կողմից։ Մրցաշարը լինելու է օնլայն հարթակում։
«Փորձում ենք մեր հնարավորությունների սահմանում օգնել մեր երկրին»,- ասաց Գաբրիել Սարգսյանը։
Նա նշեց, որ արտերկրից իրենց շատ գործընկերներ լսելով Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից հովանավորվող պատերազմի մասին՝ իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։
Հարցին՝ նրա կարծիքով՝ ո՞րը կամ ինչպիսի՞ն պետք է լինի հայերի շախմատային քայլը՝ վերջնականապես թշնամուն ջախջախելու և հաղթելու համար, գրոսմայստերը պատասխանեց․
«Լինել վստահ սեփական ուժերի վրա և ունենալ անկոտրում կամք՝ մինչև հաղթական ավարտը»։