Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին
Թուրքական Baykar ընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի միկրոբլոգում հայտնում է Baykar ընկերության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։
«Akıncı-ի փորձարկումները շարունակվում են։ Առանց ցամաքային կայանի, լրիվ ավտոմատ կերպով թռիչք և վայրէջքը հաջողությամբ իրականցվեց»,- գրել է Բայրաքթարը։
Ընկերությունը նշում է, որ դեռևս փորձարկվում են անօդաչուների պրոտոտիպային տարբերակները։ Չոռլուի ավիաբազայում փորձարկումները շարունակվում են, ԱԹՍ-ի առաջին պատրաստի տարբերակը նախատեսվում է ներկայացնել մինչև 2020թ․ավարտը։ Bayraktar Akıncı-ն նոր տիպի հարվածային անօդաչու է, որը համալրված է ուկրաինական АИ-450С տուրբինային շարժիչով։ Շարժիչի փորձարկումները ավարտվել են 2019թ․սեպտեմբերի 1-ին, որից հետո այն հետագա փորձարկումների համար փոխանցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։ Bayraktar Akıncı-ի առաջին թռիչքը իրականացվել է 2019թ․ դեկտեմբերի 6-ին։ 16 րոպե տևողությամբ թռիչքից հետո այն հաջողությամբ վայրէջք է կատարել։ Անօդաչուն կարող է օդում լինել 24 ժամից ոչ ավել։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց թուրքական F16 ինքնաթիռի կողմից հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է նաև թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Հայկական կողմերն, իրենց հերթին, բազմից տեղեկություններ են տրամադրել թուրքական անօդաչու սարքերի, մասնավորապես տասնյակից ավել Bayraktar TB-2 անօդաչուների խոցման վերաբերյալ։ Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր:
Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը