«Միայն ռուսական խաղաղապահ ուժերը կարող են սանձել Թուրքիայի այս քաղաքականությունը». Արարատ Կոստանյան
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է միանա Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի ձևավորած հակաթուրքական ալյանսին:
«Այդ հակաթուրքական ալյանսին, բնականաբար, կարող են անդամակցել Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան. այս բոլոր երկրները գտնվում են թուրքական վտանգի առաջ, և մենք այսօր արդեն շատ հստակորեն կարող են մատնանշել, որ երբ ասում ենք՝ թուրքական վտանգ, միայն չենք նշում թուրանիզմը, պանիսլամիզմը և պանթուրքիզմը, որը նպատակ ունի Թուրքիայից մինչև կենտրոնական Ասիա և Չինաստան հասնել, այլ Էրդողանը փաստացի ահաբեկչություն է տարածում ամբողջ աշխարհում: Մենք փոքր երկիր ենք, բայց մեր դիվանագիտությամբ կարող ենք խթան հանդիսանալ մեծ պետություններին համախմբելու հարցում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արաբագետի խոսքով՝ միջազգային ահաբեկչության համար Էրդողանն օգտագործում է հետամնաց խավին.
«Սիրիայում, Իրաքում նա կարողացավ իր կողմը քաշել այդ գյուղերում եղած ամենահետամնաց խավերը, որոնք նույնիսկ կարդալ չգիտեն, իսլամի անունն են օգտագործում, բայց «Ղուրանը» չեն կարդացել: Եվ այսպես պոպուլիստական լոզունգներով Էրդողանը կարողանում է նրանց իր կողմը քաշել: Եվ ոչ միայն Սիրիայում, նույնիսկ՝ Պաղեստինում: Նա կարողանում է իր կողմ քաշել քաղաքականացված իսլամի փոքրաթիվ խավը: Բայց տեսեք՝ Սաուդյան Արաբյան, ԱՄԷ-ն, Քուվեյթը հիմա հակաթուրքական ուղիղ քաղաքականություն են վարում, Սաուդյան Արաբիայում պետականորեն բոյկոտ են սկսել թուրքական ապրանքների և զբոսաշրջության դեմ՝ մեծ վնաս հասցնելով Թուրքիային»:
Անդրադառնալով «The Jerusalem Post»-ին տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ նա ասել է, որ Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով, նաև առաջարկել, որ Իսրայելը Հայաստանին առաջարկած հումանիտար օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն, Արարատ Կոստանյանն ասաց.
«Այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում բողոք չէր առաջանում Իսրայելի դեմ: Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո, կարծում եմ, Իսրայելն ամոթանք կզգա՝ Ադրբեջանին օգնելու համար: Ես հետևում եմ Իսրայելի հեռուստաալիքների հաղորդումները, կարդում եմ նրանց մամուլը, և այն մասնագետները, որոնք խոսում են այս թեմայով, ասում են՝ առևտրի մեջ են Ադրբեջանի հետ, և երկրորդ՝ զինում են, որովհետև ուզում են, որ Ադրբեջանը Իրանի դեմ զինված լինի նորագույն տեխնոլոգիաներով: Բայց սա աբսուրդ է, քանի որ սա պատերազմ չէ Ադրբեջանի և Իրանի միջև, Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի և Հայաստանի դեմ: Այս առումով՝ վարչապետի հայտարարությունը գնահատելի է»:
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱՄՆ առաջարկը, ի՞նչ հեռահար նպատակներ եք տեսնում, որքանո՞վ է այն հայկական շահերի տեսանկյունից նպաստավոր:
«ԱՄՆ-ի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը խոսեց ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, հետևաբար՝ սա հստակ մեսիջ էր: Ասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ չեզոք ուժ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, բայց դա աբսուրդ է: Ինչպե՞ս կարող է ՆԱՏՕ-ի որևէ անդամ լինել չեզոք, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և այնտեղ երկրորդ ամենամեծ բանակն ունեցողն է: ԱՄՆ-ը այս տարածաշրջանին նայում է որպես ՌԴ-ի ներկայությունը թուլացնելու և Իրանի վրա ճնշում բանեցնելու միջոց, նրանք չունեն Հայաստանի հանդեպ այլ ծրագիր, և այս սկանդինավյան ուժերի ի հայտ գալը մեր տարածաշրջանում հիմնականում ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ»,-ի պատասխան՝ ասաց նա:
Արարատ Կոստանյանի խոսքով՝ խաղաղապահների ներգրավումն ավելի է բարդացնելու խնդիրը.
«Ավելի ցանկալի է այս հարցը շուտափույթ լուծել և չհասցնել այն աստիճանի, որ որևէ խաղաղապահ ուժ լինի այս կոնֆլիկտում: Մենք պատմությունից գիտենք, որ այդ խաղաղապահ ուժերը չեն կարողացել լուծել կամ վերջնականապես մարել հակամարտությունները, օրինակ՝ Կոսովոյում, Լիբանանում: Աստված մի արասցե, եթե այդ խաղաղապահ ուժերի ուղղությամբ հարձակում լինի, ի՞նչ է լինելու տարածաշրջանում: Ես կողմ չեմ, որ հասնի այդ իրավիճակին, բայց եթե Թուրքիան շարունակի իր այս բարբարոսական քաղաքականությունը այս կոնֆլիկտում, բնականաբար, միայն ռուսական խաղաղապահ ուժերը կարող են սանձել Թուրքիայի այս քաղաքականությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում