Ոստիկաններն այդ կարգավորումների իրավական զոհն են․ Թաթոյանը՝ ԶԼՄ-ների համար սահմանված սահմանափակումների մասին
«Ռազմական դրության ժամանակ, հասկանալի պատճառներով, կարող են լինել խոսքի ազատության սահմանափակումներ, որպեսզի պետությունը կարողանա կառավարել տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը, սակայն, դրա հետ մեկտեղ, այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ․ չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են անգամ ընկալման տեսակետից, կամ որոնք տարակարծություններ և անորոշություններ են առաջացնում, առավելևս, որ դրանք տարածվում են անհատ լրագրողների և լրատվամիջոցների վրա»,- անդրադառնալով ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իր որոշմանը՝ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այդ կարգավորումները պետք է լինեն բարձր աստիճանի կոնկրետության, որ քաղաքացու, լրագրողի և լրատվամիջոցի համար հստակ լինի, թե որ արարքն ինչ պատասխանատվության կարող է բերել։ Խնդիրներ են առաջացել նաև ոստիկանության համար։ Ես տեսնում եմ ոստիկանների նկատմամբ քննադատություն, բայց այդ քննադատությունն անարդար է ինչ-որ տեղ թվում, որովհետև ոստիկաններն այս կարգավորումների իրավական զոհն են։ Նշեմ, որ ես՝ Մարդու իրավունքների պաշտպանս, դիմել է ոչ թե այդ սահմանափակումները չեղարկելու կամ զրոյացնելու, այլ հստակ կոնկրետություն մտցնելու հարցով»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ օրենքի նախագծերը նախապես ՄԻՊ գրասենյակ չեն ուղարկվել կարծիքի համար։
Արման Թաթոյանը նշեց, որ Սահմանադրական դատարան է դիմել իր համար խնդրահարույց համարվող չորս կետով՝ կարծիքի արտահայտման ազատության, որոշակիության, համաչափության և ինչպես նաև այն հարցով, որ պետության ներսում սահմանված սահմանափակումները չեն կարող լինել ծավալով ավելին, քան միջազգային կարգավորումներն են։
Արման Թաթոյանը հավելեց, որ դիմումն արդեն մուտքագրվել է ՍԴ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ը ռազմական դրության հիմքով մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան երեկ՝ նոյեմբերի 3-ին։