«ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին երկրում ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն». Գերմանիայի ՊՆ
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին երկրում ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն. երկրում կարող է սահմանադրական ճգնաժամ սկսվել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհիմն հայտարարություն է արել այն մասին, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, որ երկրում դեռևս շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը:
«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը։
«Պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում։ Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»,- հավելել է Թրամփը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահը այս պահի դրությամբ դեռևս չի վերընտրվել, սակայն նա խոստացել է քվեարկության արդյունքների հարցով երկրի Գերագույն դատարան դիմել։
«ԱՄՆ Գերագույն դատարան ենք դիմելու։ Ցանկանում ենք, որ բոլոր քվեարկություններն ավարտվեն»,- նշել է նախագահը։
Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն: