«Բանն այն է, որ նպատակն ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազդեցության վրա». Ռուստամ Բադասյանը՝ կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին, որտեղ նա նշել էր, որ հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իր նախկին գործընկերն իրեն աշխատանքից ազատել է։
«Ճիշտն ասած, այս շրջանում բացարձակ մեր հետաքրքրությունների և առաջնահերթությունների հարցը չի կարող լինել Սահմանադրական դատարանի աշխատակազմի հարցը։ Չունեմ մեկնաբանություն»,- ասաց Արդարադատության նախարարը։
Նշենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իր նախկին գործընկերն իրեն աշխատանքից ազատել է։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ դիմելուն՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով, Ռուստամ Բադասյանը նշեց. «ՄԻՊ-ի դիմումին դեռ ծանոթ չենք, ծանոթանալուց հետո միայն կարող ենք մեր դիրքորոշումն արտահայտել, բայց որքանով ծանոթ եմ պարոն Թաթոյանի հաղորդագրությունից, բարձրացվում է ավելի շատ իրավունքների սահմանափակման ծավալի, համաչափության հարցեր, ոչ թե ինքնին սահմանափակումների իրավաչափությունը։ Անպայման կծանոթանանք և ըստ ընթացակարգի, եթե անհրաժեշտ լինի, մեր դիրքորոշումը կարտահայտենք»։
Դիտարկմանը, որ ի սկզբանե ԶԼՄ ներկայացուցիչները խոսում էին, որ այդ սահմանափակումներն ուղիղ ազդեցություն են ունենալու խոսքի ազատության վրա, Ռուստամ Բադասյանը նկատեց. «Բանն այն է, որ նպատակն ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազդեցության վրա, որովհետև սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի ռազմական և արտակարգ դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի։ Առհասարակ սա Հայաստանում ուղղված չէ խոսքի ազատության դեմ, բայց ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումներ կան, որոնք խիստ անհրաժեշտ են ռազմական դրությունում իրավական ռեժիմն ապահովելու շրջանակներում։ Ինչ վերաբերում է տուգանքների չափերին՝ կտեսնենք, կքննարկենք, այս ընթացքում դեռևս երբևէ տուգանքների չափերի հետ կապված գրավոր դիտարկում չենք ստացել, մենք էլ կտեսնենք, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, կփոփոխենք»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: