Բարձրաստիճանների համատարած պարգևատրումը շարունակվում է, ծախսվող գումարներն աճելու են թռիչքաձև. սա այլևս որևէ կերպ ընկալելի չէ

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեի նախագիծը: Պարզ է, որ նախագծի այս տարբերակը կենթարկվի որոշակի էական փոփոխությունների՝ ներկա իրողությունների հաշվառմամբ:

Պետական բյուջեի այս նախագծի վերաբերյալ դեռ առիթ կլինի ներկայացնելու մասնագիտական դիրքորոշումներ, հատկապես՝ սոցիալ-տնտեսական պետական ծրագրերին վերաբերելի:

Նախնական քննարկումների այս փուլում ստիպված եմ կրկին անգամ անդրադառնալու նախորդ երկուսուկես տարիներին իրողություն դարձած, խնդրահարույց մի երևույթի, որը հետևողական կերպով հատում է հնարավոր բոլոր սահմանները:

Խոսքը վերաբերում է բարձրաստիճանների ամսական համատարած պրգևատրումներին, որը նրանց փաստացի վճարվում է ոչ թե արդյունավետ աշխատանքի համար, այլ՝ որպես հավելում իրենց հիմնական աշխատավարձին՝ վերջինիս մեկուկեսից մինչև երկու անգամի չափով:

Նախ՝ տեղին է հիշեցնել.

Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունը առաջին հերթին և միջինից բարձր տեմպերով պետք է ապահովի աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը, այլ ոչ թե կրկնապատկի քաղաքական որոշումներ կայացնողների վարձատրությունը մեր բոլորի վճարած հարկերի հաշվին:

Հակառակի համար որևէ հիմնավորում չի կարող ինքնին ծանրակշիռ լինել: Ի դեպ, նախորդ երկու տարիներին այս խնդրին վերաբերելի վիճակագրական ցուցանիշները և դրանց  համեմատական գնահատումները բազմիցս ենք ներկայացրել:

Հաջորդը՝ բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս ոլորտի պատասխանատուները պարբերաբար խոստանում են համակարգային ինչ-որ նոր լուծումներ ապահովել պետական հատվածի վարձատրության կարգավորումներում:

Անցել է շուրջ երկուսուկես տարի, իսկ լուծումները չկան: Ի դեպ, պետական հատվածի վարձատրության գործող ողջ համակարգը մշակվել է ընդամենը մեկ տարում և արդեն իսկ գործադրվում է շուրջ հինգ տարի: Նոր լուծումները ՉԿԱՆ, քանի որ նման իրավիճակում առկա է անսահման հայեցողություն՝ իրենց պարգևատրումների չափերն ու պարբերականությունը որոշելու համար: Այս խնդրահարույց ձևով պարգևատրումների ֆոնին պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված:

Փոխարենը՝ բացասական իներցիան շարունակվում է: Խոստացված համակարգային լուծումները նորից չկան: Սակայն 2021թ. նախատեսվում է պարգևատրումներին հատկացվող պետական ծախսերն ավելացնել 21,7 տոկոսով կամ 18,825 միլիարդ ՀՀ դրամով: Սա անբացատրելի «թռիչք» է, եթե նկատի ունենանք, որ պետական ծառայողների հիմնական աշխատավարձերին հատկացվող ընդհանուր ֆոնդի աճը նախատեսվում է շուրջ 10 անգամ պակաս չափով:

Առկա իրավակարգավորումների ներքո զուգահեռ խնդիր է բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի աշխատանքի որակն ու իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների ծրագրային կատարողականը:

Մասնավորապես, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է.

«պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:

Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ հստակ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով:

Այս խնդիրներն արդարացնելու և բացատրելու փորձ անողներին հորդորում եմ 2021թ. համար նախատեսված պարգևատրման գումարների աճի ցուցանիշներն առնվազն համեմատել նաև մեր երկրում միջին աշխատավարձի, կենսաթոշակների, անապահովության նպաստների չափերի կանխատեսվող աճերի ցուցանիշներին:

Իսկ եզրահանգումներ անելիս անհրաժեշտ է խորապես հաշվի առնել մեր շուրջն առկա իրողությունները:

Կարծում եմ այս փուլում այսքանը բավարար է՝ վեր կանգնելու անձնական շահագրռվածություններից և զերծ մնալու արատավոր այս պարգևատրումներից՝ մինչև խոստացված համակարգային բարեփոխումները:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Տեսանյութեր

Լրահոս