Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են
Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է ՀՀ բոլոր մարզերում համակարգված աշխատանքը՝ Արցախից ժամանած երեխաների կրթության շարունակականության կազմակերպման գործում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախից ժամանած երեխաների համար անհրաժեշտ գրենական պիտույքների, դասագրքերի, սարքավորումների և այլ պարագաների կարիքների գույքագրման, ինչպես նաև երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների գնահատման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նաև անդրադարձել է երեխաների՝ դպրոցում ընդգրկման պարագայում նոր դասարանների կոմպլեկտավորման և ուսուցիչների ներգրավման համար անհրաժեշտ ֆինանսավորման պլանավորման և ապահովման խնդիրներին։ Նախարարի տեղակալը ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններին հորդորել է ամենօրյա ռեժիմով շարունակել ԿԳՄՍ նախարարություն տվյալներ ներկայացնել, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։
«Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհատապես աշխատել այն բոլոր երեխաների և նրանց ծնողների հետ, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր և անհրաժեշտության դեպքում տրամադրել, այդ թվում՝ հոգեբանական աջակցություն, որպեսզի երեխաներն անպայման իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Սա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նա մարզերի պատասխանատուներին կոչ է արել այս հարցում սերտ համագործակցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության մարմինների հետ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։
Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ վարչության պետերին առաջարկելով մինչև ուսումնական գործընթացի մեկնարկն իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում արցախցի երեխաներին նաև ինտերնետ հասանելիությամբ ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև արցախցի ուսուցիչների՝ ուսումնական գործընթացում ներգրավման հնարավորության մասին։ Արցախցի երեխաներին դպրոցներում ընդգրկման պարագայում նոր ուսուցիչների ներգրավման անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կերպով այդ աշխատանքներում կընդգրկվեն Արցախի Հանրապետության ուսուցիչները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Արցախի Հանրապետությունից ժամանած սովորողների՝ կրթության այլ մակարդակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և դրանք ԿԳՄՍ նախարարություն փոխանցելու հարցերին: Նրա խոսքով՝ արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ժաննա Անդրեասյանը մարզային կրթության պատասախանատուներին ներկայացրել է նաև աշնանային արձակուրդներից հետո կրթության կազմակերպման հարցերը, մասնավորապես, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցների պատրաստվածության, անհրաժեշտ միջոցներով հագեցվածության, առկա և հեռավար ուսուցում իրականացնող դպրոցների քարտեզագրման, ինչպես նաև հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների վերապատրաստմանն ու տեխնիկական ապահովվածությանն առնչվող խնդիրները։
ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հեռավար ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ բոլոր դպրոցներին կոչ անելով տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից այդ դասերն իրականացնել «Microsoft Teams» ուսումնառության համակարգի միջոցով։
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և կրթության մարզային պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրել են վերոնշյալ աշխատանքների վերաբերյալ իրենց ծավալած գործունեությունը։
Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ կոչ է արել տեղերում իրականացնել ամենօրյա աշխատանքներ, որպեսզի աշնանային արձակուրդից հետո բոլոր դպրոցները հավուր պատշաճի պատրաստ լինեն անխափան ուսումնական գործընթացի։