«Ես ակնկալում եմ, որ մեր ուժային կառույցներն ավելի կոշտ կարձագանքեն նման դրսևորումներին, որովհետև միայն հրապարակումները ջնջելով չէ»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանի գրառման մասին

«Ռազմական դրության պայմաններում շարունակվում են խայտառակ հրապարակումները և հաշվի չեն առնվում մեր սահմանային իրավիճակն ու իրականացվող միջոցառումները»,- Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Այսօր առավոտյան տեսա, թե ինչպիսի խայտառակ գրառում էր արել քաղաքական հարթակում իրեն ընդդիմություն հայտարարած Արթուր Ղազինյանը։ Դա խայտառակություն էր, որովհետև դրանք, ուզենք թե չուզենք, անդրադառնում են մեր գոյամարտը կերտող անձնակազմի վրա։ Ես ակնկալում եմ, որ մեր ուժային կառույցներն ավելի կոշտ կարձագանքեն նման դրսևորումներին, որովհետև միայն հրապարակումները ջնջելով չէ․ այդ մարդիկ պետք է հասկանան, որ, եթե անգամ մեկ րոպեով դնում են նման նյութեր, դրանք իրենց տարածումը գտնում են, և մենք հակառակորդին ոգեշնչող բաներ ենք դնում։ Արթուր Ղազինյանի գրառման վերջին պարբերությունը՝ «Մենք կորցրել ենք հսկայական տարածքներ»․ էդ ի՞նչ հսկայական տարածքներ է պարոն Ղազինյանը տնօրինում։ Ժամանակին, երբ նման գրառում էին անում, մեր սպարապետ Վազգեն Սարգսյանը վերցնում էր նման գրառում անողին, ասում էր՝ գնա Օմարի բարձունքը տես, մենք էդտեղ ենք, և հիմա ով որ խոսում է նման բաների մասին, երևի պետք է տանել այնտեղ, որ նման գրառումներ այնտեղից անեն»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա՝ ձևավորվել են խմբեր, որոնք բանակին են դիմում հեղաշրջման կոչերով, բայց այդպես չպետք է լինի, և այդ մարդիկ պետք է զգան դրանց պատասխանատվությունը։

Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ, եթե իրավական լծակներ չկան նման մարդկանց խիստ պատասխանատվության ենթարկելու, խնդրում է հրատապ ԱԺ արտահերթ նիստ գումարել և մտածել նման լծակների մասին։

«Նման գրառումներ անողները պետք է առնվազն քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս