
Գործազրկությունը եվրոգոտում կազմել է 2,5 տարվա առավելագույն ցուցանիշ՝ 8,3 տոկոս

Եվրոգոտու 19 երկրներում գործազրկությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմել է 8,3 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն է 2018 թվականի ապրիլից ի վեր: Այդ մասին վկայում են Եվրոպական միության վիճակագրական վարչության տվյալները:
Վերլուծաբանները միջին հաշվով նույնպես կանխատեսել էին սեպտեմբերյան գործազրկությունը 8,3 տոկոսի մակարդակի վրա, հաղորդել է Trading Economics-ը:
Վերանայված տվյալների համաձայն, օգոստոսին գործազրկությունը կազմել է 8,3 տոկոս, այլ ոչ թե 8,1 տոկոս, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր: 2019 թվականի սեպտեմբերին գործազրկությունը եվրոգոտում գտնվում էր 7,5 տոկոսի մակարդակի վրա:
Գործազուրկների թվաքանակը եվրոգոտում անցյալ ամսին ավելացել է 75 հազարով՝ հասնելով 13,612 միլիոն մարդու: Անցյալ տարվա սեպտեմբերի համեմատությամբ նրանց թվաքանակն աճել է 1,376 միլիոնով: Իսպանիայում գործազրկությունը սեպտեմբերին կազմել է 16,5 տոկոս, Իտալիայում՝ 9,6 տոկոս, Ֆրանսիայում՝ 7,9 տոկոս, Գերմանիայում՝ 4,5 տոկոս:
Գործազրկությունը երիտասարդության շրջանում (մինչեւ 25 տարեկան) եվրոգոտում նվազել է մինչեւ 17,6 տոկոս՝ օգոստոսի 18,3 տոկոսից: Եվրամիությունում գործազրկությունը սեպտեմբերին մնացել է 7,5 տոկոսի մակարդակի վրա: Դրա հետ մեկտեղ գործազրկությունը երիտասարդության շրջանում օգոստոսի 17,8 տոկոսից կրճատվել է մինչեւ 17,1 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: