
Լիոնում անհայտ անձը կրակել է ուղղափառ հոգևորականի ուղղությամբ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն ուղղափառ հոգևորականի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Huff Post»-ը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով 16:00-ին, երբ հոգևորականը պատրաստվել է փակել եկեղեցու դռները: Կասկածյալը կրակ է բացել հոգևորականի ուղղությամբ և դիմել փախուստի:
Լրատվամիջոցը հայտնում է, որ հույն հոգևորականը գտնվում է ծանր վիճակում:
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ֆրանսիայի իրավապահ մարմինները, նրանք շրջափակել են տարածքը, իսկ իշխանությունները քաղաքացիներին հորդորում են շրջանցել նշված հատվածը:
Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, որի հետևանքով արձանագրվել է երեք զոհ: Զոհերից մի կին գլխատվել է հանցագործի կողմից։ Հարձակումը գնահատվել է, որպես ահաբեկչություն։