«Պարոն Թաթոյանը տիկին նախարարի զանգերին չի պատասխանում». նախարարի մամուլի խոսնակ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր հրապարակել՝ ուղղված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասու ղեկավար կազմին, որով պահանջում էր գիտակցել իրենց սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն ՄԻՊ աշխատակազմի հետ: Թաթոյանը նաև ափսոսանք էր հայտնել, որ ստիպված է այսպիսի հրապարակում անել այս օրերին: ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանն էլ 168.am–ի հետ զրույցում ասել էր, որ Արման Թաթոյանի հայտարարության հիմքում ընկած տարաբնույթ հարցերն ու խնդիրներն ամփոփվել են, և երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ուղարկվել է հասցեատեր մարմիններին։ 168.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե իրենք ստացե՞լ են վերոնշյալ գրությունը:
«Մենք ՄԻՊ գրասենյակից որևէ բան չենք ստացել»,- ասաց խոսնակը:
Մեր հարցին, թե Արման Թաթոյանի հետ կապվել չի՞ հաջողվել, Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց.
«Պարոն Թաթոյանը տիկին նախարարի զանգերին չի պատասխանում»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը պնդեց, որ իրենց համար իրոք անհասկանալի է, թե ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման հայտարարության:
«Անկեղծ, մենք շատ զարմացած ենք, որովհետև մինչ այդ իրենցից որևէ դժգոհություն մենք չենք ստացել, հատկապես վերջին շրջանում չի եղել որևէ հարց, որով իրենք դիմել են, և այդ հարցն անարձագանք է մնացել, թե ինչի՞ մասին է խոսքը, մենք մինչ օրս չգիտենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ իրենց արձանագրած խնդիրների ուսումնասիրությունը կուղարկվի իրավասու մարմիններին: Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ տեսել են մեկնաբանությունը, սակայն չգիտեն, թե ովքե՞ր են դրա հասցեատերերը:
«Իրենք ասում էին, որ իրավասու մարմիններին են ուղարկելու, բայց թե ովքե՞ր են իրավասու մարմինները, ովքե՞ր են ստացել գրությունը, կամ ինչի՞ մասին է դա եղել, ցավոք, չեմ կարող ասել»,- ասաց Մարտիրոսյանը: