Արցախում զոհված Վահեի կինը ծննդաբերելուց հետո շտապել է Սիսիան, սակայն ավտովթարից մահացել է․ նրանց հուղարկավորել են կողք կողքի
«Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելու ընթացքում զոհվեց 32-ամյա Վահե Քարամյանը, իսկ օրեր անց ամուսնու մահվան լուրն իմանալով՝ Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարից մահացավ նրա կինը՝ 29-ամյա Շուշան Հոբոսյանը, վերջինս նոր էր ծննդաբերել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը:
Նա պատմեց, որ Վահեն ծնողների հետ խոսելիս ասել էր՝ «հարսանիքի ենք», ինչ-որ գաղտնի բան էր ուզել ասել։ Վերջին անգամ խոսել էր կնոջ հետ հոկտեմբերի 18-ի կեսօրին, ենթադրում են, որ հենց այդ օրը գիշերն էլ նա զոհվել է:
Վահեն և Շուշանը 2015 թվականին էին ամուսնացել, 2 երեխա ունեին՝ 4-ամյա Մարինկան և 3 տարեկան Արսենը: Վահեն ռազմաճակատում էր, երբ հոկտեմբերի 15-ին ծնվեց նրանց 3-րդ զավակը, որին դեռ չէին հասցրել նույնիսկ անուն տալ:
«Իմ որդին՝ Հայկը, մեկուկես տարի առաջ մարտական դիրքում զոհվեց, նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց մարտական մեդալով… Վահես ասում էր, որ տղային անվանակոչելու է իմ տղայի՝ Հայկիս անունով, պատերազմից պետք է գար, որ երեխուն անուն դնեին: Այդ երեխան շատ սպասված է եղել, դեռ նոր բեղմնավորված ժամանակ էլ, Վահեն ասում էր՝ էս մեր Հայկոն է, որ պետք է ծնվի: Երեխան այս պահին հիվանդանոցում է, վիճակը լավ է»,- պատմեց Վահեի հորեղբայրը:
Նա տեղեկացրեց, որ ավտովթարի ժամանակ մեքենայում են եղել Շուշանի ծնողները և եղբայրը․ նրանք փրկվել են: Վահեին և Շուշանին հուղարկավորել են հոկտեմբերի 24-ին:
«Իրար հետ, կողք կողքի, իմ տղայիս մոտ՝ Սիսիանի զինվորական պանթեոնում, հուղարկավորվեցին»,- հավելեց Սամվել Քարամյանը: