
Կարմիրգյուղում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում մեկնարկել են Սերգո Ավետիսյան եւ Հովհաննես Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Սերգո Ավետիսյան փողոցում ասֆալտապատվում է 2 715, Հովհաննես Շիրազ փողոցում՝ 3 650 քմ ճանապարհահատվածներ: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչ ասֆալտապատումը ՖԱՎՈՐԻՏ –Մ ՍՊԸ շինարարական կազմակերպությունը նշված փողոցներում իրականացրել է ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ, այնուհետև աշխատանքները շարունակել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ կապալառու կազմակերպությունը:
Նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել է խճային հիմք, տեղադրվել են բազալտե եզրաքարեր, ապա իրականացվել է ասֆալտապատում: Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 16-ը, սակայն, շինարարական կազմակերպության պատասխանատուի հավաստմամբ, արդեն ամբողջությամբ ավարտին է հասցվել Սերգո Ավետիսյան փողոցի ասֆալտապատումը, իսկ Հովհաննես Շիրազի փողոցում աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:
Խոսրով Խլղաթյան