«Այս պահին ընթանում են ծանր մարտեր». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ռազմաճակատի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները` հյուսիսից մինչև հարավի ծայրամաս:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին: Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս և Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են:
Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները: Հարավային ուղղությամբ ամբողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և արևմուտք` Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ, հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողություններն ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,-մանրամասնեց նա: