Բաժիններ՝

Թրամփը Բայդենի հետ բանավեճերում գրեթե երեքուկես րոպեով ավելի երկար է խոսել ընդդիմախոսից

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Բելմոնտ համալսարանում դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ կայացած եզրափակիչ նախընտրական հեռուստաբանավեճերում ընդհանուր առմամբ երեքուկես րոպեով ավելի երկար է խոսել իր ընդդիմախոսից: Հոկտեմբերի 22-ին այս հաշվարկներով հանդես է եկել CNN հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ պետության գործող ղեկավարի խոսքն ընդհանուր առմամբ տեւել է եթերային ժամանակի 41 րոպե 16 վայրկյան: Բայդենը բավականացել է 37 րոպե 53 վայրկյանով: 90-րոպեանոց հեռուսամենամարտը բաժանված էր վեց թեմատիկ սեգմենտների՝ 15-ական րոպե տեւողությամբ: Մրցակիցներն ունեին երկուական րոպե բանավճը վարողի պատասխանի համար, իսկ այնուհետեւ նրանց հնարավորություն է ընձեռվել մեկ րոպեի ընթացքում պատասխանելու ընդդիմախոսի փաստարկներին:

Թրամփի եւ Բայդենի բանավեճերի առաջին փուլը կայացել է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Երկրորդը նշանակված էր հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), սակայն հոկտեմբեր լույս 2-ի գիշերը Թրամփը Twitter-ում գրել էր, որ իր եւ իր տիկնոջ մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Նույն օրն ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել է Մերիլենդի նահանգի Ուլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 5-ին նա հեռացել է հոսպիտալից եւ վերադարձել Սպիտակ տուն: Թրամփի մոտ կորոնավիրուս ախտորոշելու պատճառով նախագահական հեռուստաբանավեճերի հանձնաժողովն առաջարկել է երկրորդ փուլն անցկացնել հեռավար ձեւաչափով, սակայն նախագահը հայտարարել է, թե այդ դեպքում մտադիր չէ մասնակցելու դրանց, եւ միջոցառումը չեղյալ են հայտարարել:

Նեշվիլում հեռուստաբանավեճերը դարձան վերջինը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ, որտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս