
Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Ակցիան անցկացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:
Հայ համայնքի բողոքի ակցիան մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կենդանի կատարմամբ: Ակցիայի մասնակիցները կրել են Արցախի դրոշի պատկերմամբ պաշտպանիչ դիմակներ, պարզել Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Ժամանակն է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը» «Դադարեցրեք Ադրբեջանին զենք վաճառելը» «Էրդողան՝ ահաբեկիչ» և այլ գրություններով:
Հոկտեմբերի 17-ին հայ համայնքի անդամներն ու մի խումբ հրեաներ Իսրայելի Հայֆա քաղաքից ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Խաղաղ ակցիայի ընթացքում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է հայ ցուցարարների վրա:
Նորայր Շողիկյան
Լուսանկարները՝ Hodaya Kalman/TPS