Բաժիններ՝

Նախագահ Սարգսյանը ստորագրել է ռազմական դրության ժամանակ հարկային արտոնություններ սահմանող օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ին ստորագրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի ընդունմամբ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում՝ ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, ինչպես նաև այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում` ազատվում են ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխության արդյունքում հնարավորություն է ընձեռվում բանկերին և վարկային կազմակերպություններին առանց հարկային հետևանքներ կրելու ներել այն անձանց կողմից ստացված վարկի գումարը, դրանց տոկոսները, տուժերը և (կամ) տուգանքները, ովքեր ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել, դարձել են հաշմանդամ կամ անհայտ կորած են ճանաչվել (այդ թվում նաև նրանց հետ համատեղությամբ ապրող՝ ծնող, ամուսին և զավակ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս