Ոչ մարդ կա, ոչ առևտուր. «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով նվազեցնել տաղավարների վարձավճարները
Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն գործադուլ են անում՝ պահանջելով, որպեսզի առևտրի կենտրոնի տնօրինությունը նվազեցնի տաղավարների վարձավճարները։
«Կորոնավիրուսի, պատերազմի պատճառով առևտուր չի լինում, դրա համար խնդրել ենք, որ ընդառաջեն մեզ, տաղավարների գումարը զեղչեն: 1000-ից ավելի մարդ կա, դիմել ենք տնօրինությանը, բայց ոչ մի արձագանք չենք ստացել: Մեզ ասում են, թե հարկերը բարձր է, բայց կողքը շուկա կա, որ 6 ամիս ձրի է տալիս: Հասկանո՞ւմ եք, մարդիկ կան, որ օրերով առևտուր չեն անում, սակայն ո՛չ երկխոսել է լինում, ո՛չ ինչ-որ զիջումների գնալ: Կան սրահներ, որ զրոյական վիճակ է, օրինակ, խաղալիքներ, հարսանեկան պարագաներ վաճառողները չեն աշխատում: Ո՛չ մարդ կա, ո՛չ առևտուր: Ուզում ենք, որ գոնե 50 տոկոս զեղչ լինի: 1250 հոգու ձայնը չի հասնում ոչ մի տեղ: Պատկերացրեք, ինչ վիճակ է, որ մենք այս պատերազմական վիճակում դուրս ենք եկել, ակցիա ենք անում»,- հայտնեցին առևտրականները։
Նրանք նշեցին, որ տոնավաճառը փակ է լինելու, անգամ փողոց են փակելու՝ մինչև այս հարցին լուծում չտան: Նրանց տեղեկացրեցին, որ տնօրինությունից մարդ չկա այնտեղ, սակայն իրենց փոխանցել են, որ, եթե չեն բացում տաղավարները, ապա ուրիշների են տալու, 250 հոգի կա հերթագրված:
Փորձեցինք ստանալ նաև տնօրինության արձագանքը, սակայն զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ: