
Գավառի պետական թատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում

Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին ուրախ տրամադրություն պարգեւեցին Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոքրիկ հանդիսատեսի համար բեմադրվեց Գեւորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը:
Արցախցի փոքրիկների ու նրանց ուղեկցող մայրերի հետ զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների ապահովման, ինչպես նաեւ մտահոգող խնդիրների մասին:
Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաեւ մարզի այլ համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջեւ:
Ներկայացման ավարտին արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց:
Խոսրով Խլղաթյան