«Հիմնական ծանրությունը կանոնավոր բանակի վրա է. պահեստազորը, կամավորներն աջակցող, լրացնող ֆունկցիա ունեն». Արծրուն Հովհաննիսյան

Սփյուռքից եկածներին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, օրենքով չենք կարող զինվորագրել:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ դեպքեր են եղել, որ նման մարդիկ կամավորագրվել են, բայց հետ են դարձվել:

«Օրենքի հետ խնդիր կա, պիտի լինես ՀՀ քաղաքացի: Ավելին, պիտի լինես զինապարտ, հաշվառված, կա նաև տարիքային սահմանափակում: Գործընթացը միայն իրավական շրջանակում է»,- նշեց նա:

ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների միջոցով կամավորական ջոկատների կազմավորման անհրաժեշտության մասին, ինչը 90-ականներին ընկալելի կլիներ, մինչդեռ այսօր կա կանոնավոր բանակի պահեստազոր, սակայն ծանրությունը կարծես թե դրվում է կամավորների վրա:

Այս հարցադրման հետ Արծրուն Հովհաննիսյանը չհամաձայնեց:

«Ծանրությունը չի դրվում կամավորների վրա, կամավորները պետք են: Ավելին, ծանրությունը նույնիսկ պահեստազորի վրա չի, ծանրությունը մնում է կանոնավոր բանակի վրա: Թե’ պահեստազորը, թե’ կամավորները, նրանք օգնող, աջակցող, լրացնող ֆունկցիա ունեն, ձևավորվում են ստորաբաժանումներ: Բայց կրկնում եմ` հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը»,-պնդեց ՊՆ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս