
«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր. մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի. Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական մի քանի փորձ են կատարել, որոնք հետ են մղվել հայկական զորքերի կողմից` հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա` հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի: Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ օջախային մարտերը շարունակվել են, ուղղությունը հատկապես թեքվել է դեպի հարավ` մոտ Արաքսի հունին: Օջախային առանձին տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են: Ոչ մի միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում, հետ են մղվել, կրել զգալի կորուստներ: Օդուժ որպես այդպիսին շատ չի կիրառվել: Չնայած առավոտ մեր ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ»,- մանրամասնեց նա` հավելելով, որ մարտերը շարունակվում են, որոնք այդքան թեժ չեն` նախորդ օրերի թեժ մարտերի հետ համեմատած, բայց կիրառվում են հիմնականում հրետանի, քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն, գրոհող խմբեր, հետևակ, մասամբ` օդուժ: