ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն. «Փաստինֆո»
ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն, իսկ հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ որոշակի խստացումներ են կատարվել՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ՝ արգելելով քննադատությունը։ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»,- նշվում է կառավարության որոշման մեջ:
Կանոնների խախտելու համար նախատեսվել են վարչական ու քրեական ներգործության միջոցներ, իսկ պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը։ «Փաստինֆո»-ն հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե արդյո՞ք կան սահմանված չափորոշիչներ, թե ինչ ասել է «ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ», ինչն է համարվում քննադատություն, արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ, հրապարակումներ»։
Հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններին հավաքական իմաստով կարող ենք ծանոթանալ ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածում, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ գլուխներով նախատեսված իրավակարգավորումներում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշմամբ սահմանված դրույթներում։ Ինչ վերաբերում է «քննադատություն», «արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ» կամ «հրապարակումներ» հասկացությունների չափանիշներին, ապա ոստիկանությունից հայտնել են. «գտնում ենք, որ իրավակիրառողի կողմից դրանց էությունը լուսաբանելիս ելակետային պետք է լինեն իրավունքի մեկնաբանման ձևերը (տրամաբանական, նպատակային, լատեռալ, համակարգային)»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: