
Աշխարհը լռում է, չի ուզում օգնել մեզ, դրա համար մեր ցույցերը չեն դադարի, մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառեն. Բելգիայի հայերը շարունակում են բողոքի ակցիաները

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցների բողոքի ակցիաները շարունակվում են: Նրանք պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներին պատերազմում ներգրավելն ու ադրբեջանական բանակի կողմից հայ զոհված զինծառայողների, ռազմագերիների նկատմամբ կատարվող վայրագությունները:
«Աշխարհը չէր կարողանում կռվել այդ ահաբեկիչների դեմ, հիմա մի փոքրիկ ազգ պայքարում է, մահու կռիվ է տալիս նրանց դեմ՝ մեր հողերի համար, իսկ աշխարհը լռում է, չի ուզում օգնել մեզ, դրա համար մեր ցույցերը չեն դադարի, մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառեն: Շրջիկ մեքենայով՝ Եվրախորհրդարանի դիմաց մեծ էկրանին ցույց ենք տալիս, թե ինչ է կատարվում, որ չլինի մեկը ու չասի, թե տեղյակ չէ: Ներկայացնում ենք Ադրբեջանի կատարած բոլոր վայրագությունները: Ուզում ենք, որ մեր ձայնը հասնի լրատվամիջոցներին, գան, լուսաբանեն»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Բելգիայի մեր հայրենակիցները:
Նրանք հայտնեցին նաև, որ ավտոերթը շարունակելու են, ինչպես նաև նամակ են հանձնելու թագավորին: Մինչ այդ՝ ավտոերթն ուղևորվել է դեպի ՆԱՏՕ-ի շենք: