«Հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ». Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արցախաադրբեջանական հակամարտության  շուրջ ստեղծված  իրավիճակի, անելիքների մասին խոսելուց, բոլորին զենք վերցնելու և ճակատ գնալու կոչ անելուց հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ տոնով մի պահ եզրափակեց  խոսքը՝ «ես կարծես թե իմ ողջ ասելիքը այսօրվա ասացի», բայց ո՛չ, գործադիրի ղեկավարը շարունակեց միտքը՝ անուն առ անուն հիշելով Արցախյան առաջին ազատամարտի նահատակված հերոսներին:

«Մեր Առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ, նայում են մեզ: Եվ մենք պետք ա նայենք իրենց և իրենց աչքերի մեջ: Եվ մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ:

Ավտոմեքենաներ, որոնք պետք են առաջնագծում, ամենագնաց ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, ջիպեր, որոնք պետք է շարժունակությունը ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք բարձր տեխնոլոգիական ոլորտում՝ հակազդելու ժամանակակից զենքերին: Էդ բոլոր ուղղություններով, իհարկե, աշխատանք գնում է, և նրանք, ովքեր տեղյակ չեն, ամեն մեկը իր ուղղությամբ… տրանսպորտների հարցով պետք ա դիմել զինկոմիսարիատներին: Ջոկատների հարցով նույնպես արդեն ձևավորվածները զինկոմիսարիատների միջոցով է պետք արվի: Ինտելեկտուալ աշխատանք իրականացնելու էս հատվածով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությանը:

Բայց էսօրվա ամենակարևոր ուղերձը հետևյալն ա: Պետք ա ձևավորվեն կամավորական ջոկատներ, ձևավորվելուց հետո զինկոմիսարիատների ենք դիմում, դրանից հետո արդեն զինվորական տրամաբանության մեջ աշխատանքը ընթանում է: Եվ հիշի՛ր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ուղիղ միացումը  եզրափակեց՝  մարդկանց հորդորելով  հոգում և մտքում ուժեղացնել, կառուցել, կոփել հաղթանակի կամքը և հաղթանակի ոգին:

«Նայեք իրար աչքերի մեջ և իրար աչքերի մեջ տեսեք հաղթանակը: Աչքերի, մտքի, հոգու մեջ պետք է նախ հաղթանակը ձևավորվի, և էդ կամքը հաղթանակի մեզ պետք ա ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի, մեզ հնարավոր չէ հաղթել, և մենք կհաղթենք: Եվ էդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես… դուխով, ժողովուրդ ջան, դուխով»,- արդեն կարգախոս դարձրած միտքը  կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս