«Առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրվա երկրորդ կեսին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ իր ելույթում խոսեց նաև արցախաադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի մասին: Վարչապետը նախ անդրադարձավ  Ադրբեջանի ռեսուրսներին, որոնք, նրա խոսքով, շատ մեծ են, բայց  նաև կրել են  շատ մեծ կորուստներ:

«Այո, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Եվ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները:

Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում, աննկարագրելի ծավալի: Եվ ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաև այս պատճառով: Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակն այն է, որ զոհվածների մարմիններն ի վերջո հավաքվեն, խնամվեն, և պատշաճ ձևով արվի հուղարկավորություններ, և այլն, և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Ադրբեջանի կողմից հրադադարի ու զինադադարի ռեժիմների խախտման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս կոնտեքստում Ադրբեջանը 3 բանից է վախենում:

Առաջինը, ինչից, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վախենում է Ադրբեջանը, ադրբեջանական կողմի մոտ մեկ տասնյակ հազարի  դիակներն  են: Վարչապետի տվյալներով՝ հակառակորդը նաև ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունի:

Հրադադարի չգնալու երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, այն փաստն է, որ դրա արդյունքում կբացահայտվեն այս կոնտեքստում արդեն կոնկրետ վարձկանների դիակներ:

3-րդ պատճառն էլ, ինչը,  ըստ Նիկոլ Փաշինյանի՝  վախեցնում է Ալիևին, թուրքական զորքերի զինվորների դիակների բացահայտումն է, ինչով կապացուցվի Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին:

«Եվ մենք այսօր պիտի ընդամենը կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը, այլ մեր պատմության հերոսական հատվածը, որովհետև 90-ականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ էր, շատ ավելի բարդ էր, թվում էր, թե էլ ոչ մի ելք և լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ էդ լուծումը, գտավ էդ լուծումը, որովհետև կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին ժողովրդի, հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը»,- ասաց նա:

Եվ  վարչապետը կրկնեց արդեն ասված միտքը.

«Էսօր էլ կան էդ մարդիկ, էդ մարդիկ շատ են, բայց էդ մարդկանց կողքը պետք ա կանգնել: Այդ մարդկանց կողքին պետք է կանգնել և պետք է կանգնել պինդ: Ընդ որում, ընդ որում, ասում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը, ով այս գործին նվիրվում է, պետք է զինվորական երդման տրամաբանությամբ գործի՝ անվերապահորեն կատարել հրամանները և անվերապահորեն կատարել հրամանատարության առաջ դրած խնդիրը, հրամանատարության խնդիրը, ինչքան էլ էդ խնդրի կատարումը լինի դժվար, ամուր կանգնել, էնտեղ, որտեղ պետք ա, առաջ գնալ, որտեղ հրաման կլինի՝ «առաջ գնալ», առաջ գնալ և լուծել խնդիրը:

Հիմա դուք կասեք՝ «հիմա 90-ականները չեն»: Ավելի լավ, որ 90-ականները չեն, որովհետև 30 տարի մենք մեր պրոբլեմները մեր մեջ գիտակցել ենք, հասկացել ենք, վերլուծել ենք և եկել ենք լուծելու էդ բոլոր պրոբլեմները մի փաթեթով, մի գործողությամբ: Սա մեր վերջին 30 տարիների պրոբլեմների հանգուցալուծումը պիտի չլինի: Սա մեր վերջին 500 տարվա պրոբլեմների հանգուցալուծումը պետք ա լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս խնդրի լուծման բանաձևը նույնն է:

«Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ դու պետք ա գործես, որովհետև գործելու ժամանակն է: Հոտընկայս կենացներից այն բովանդակությունը, որը մենք ստեղծել ենք, որը շատ լավ բան ա, մեր ոչ մի ծնունդ և կնունք չի անցնելու առանց  մեր զինվորի, մեր սպաների, մեր բանակի կենացի, և դա շատ լավ բան ա, հոյակապ բան ա: Դա նշանակում ա, որ մենք իմացել ենք, նույնիսկ ամենամեծ ուրախության պահին իմացել ենք, որ բանակից և կռվից ավելի կարևոր բան չկա: Մենք իմացել ենք, որ էս պահը գալու ա, և հետևաբար՝ մենք մեր ասածի հետևից պետք ա գնանք»,- ուղիղ միացման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս