Քաղաքապետերը, գյուղապետերը պետք է ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ընդգծեց, որ պայքարն առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել և կռվել հանուն մեր իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի:

«Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Եվ ես այս համատեքստում կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը: Եվ ես այսօր այս կոչը նաև ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, առանց բացառության՝ բոլոր քաղաքապետերին, բոլոր գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն ժողովրդի, հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը, և այդ ջոկատները պետք է դրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ, և ձևավորման պահից պետք է համարվի, ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր էն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչ որ նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս խոսակցությունը, ինչքան էլ կոնկրետ իրավիճակում է, շրջադարձային պահ է, որովհետև մենք Ցեղասպանություն տեսած և ապրած ժողովուրդ ենք, և «Ցեղասպանությունն իրականում տեղի է ունեցել այն պայմաններում և այն պատճառով, որ եղել է մի այդպիսի տրամադրություն, որ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մարդիկ, ովքեր կկանգնեն մեր ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության դիրքերում, բայց էդ մարդը երևի ես չեմ, երևի ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, ազատամարտիկներ, ֆիդայիներ, որոնք պետք ա կանգնեն և այդ իրավունքը պաշտպանեն»:

«Այսօր կա՞ն այդպիսի մարդիկ: Այո, կան այդպիսի մարդիկ: Էսօր նույնիսկ արդեն համացանցում, արդեն կերպարներ են ձևավորվել՝ սկսած շարքային, պայմանագրային, կամավորական, սպաներ, գեներալներ, արդեն լեգենդներ ունենք մենք, լեգենդներ ունենք մենք  ռազմի դաշտում, որոնք ի վիճակի են ձևավորել և արել են, և անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար, նրանք դնում  են  և անում են ամեն հնարավորը: Բայց պետք է նրանց կողքը կանգնել, պետք է նրանց կողքը կանգնել, որովհետև նրանց կողքին, այո, ցավոք, իրենց նման հերոսական և այդ հերոսական մեր շարքայինից, սպաներից, կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի, և պետք է նրանց տեղը կանգնել: Եվ էսօր հերոսաբար կռվող զինվորների, գեներալների կողքը պետք է կանգնել: Ո՞վ, ո՞վ պետք ա կանգնի:  Մենք բոլորս պետք ա կանգնենք: Դո՛ւ ես հենց էն մարդը, որ էսօր պետք է վեր կենա, գնա զենք վերցնի, գա էդ մեր հերոս տղերքի կողքը կանգնի և կռի էն հաղթանակը, որը մեր նպատակն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե հաղթանակ կերտելու մասին խոսելը նրանից չէ, որ մենք ֆանատիկ ենք՝ բառի վատ իմաստով: Ըստ Փաշինյանի՝ մենք նվիրյալ ենք՝ բառի լավ իմաստով, պարզապես խնդիրն այն է, որ իրավիճակը մեզ, հաղթանակից բացի, այլ ընտրություն չի թողնում:

«Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, գյուղապետերին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իհարկե, էստեղ որոշակի երկրի կառավարելիությունը պետք է պահվի, այսինքն՝ բոլորս չենք դառնում դաշտային հրամանատար, բայց դա արդեն կազմակերպչական աշխատանք է: Պետք է գյուղապետերն իրենց ընտրողների շրջանից հավաքեն ջոկատներ՝ իմ ասած տրամաբանությունն իրագործելու համար:

Եվ նաև բոլոր էն ուսանողները, էն բիզնեսմենները, որոնք աշխատանքի բերումով, տարբեր բերումով՝ Ստեփանակերտից են, Ղարաբաղից են, նրանք էլ հենց հիմա, հենց հիմա, ոչ թե վաղը առավոտ, էսօր երեկո, այլ հենց հիմա պետք է  շարժվեն դեպի Ստեփանակերտ՝ զինվորագրվելու կամավորական ջոկատներին, որոնք պետք է գործեն Պաշտպանության նախարարության Պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության ներքո»,- հրահանգեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս