«Հայաստանն ունի մեկ ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը, և մի ռազմաքաղաքական կառույցի անդամ է, որը գլխավորում է Ռուսաստանը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանելով հարցին, թե չի՞ հիասթափվել արևմտյան երկրների կեցվածքից, որոնք թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միայն մտահոգություններ են հայտնում, ասաց, որ  կարող է հիասթափվել նրանից, ումից ունի ակնկալիք:

«Իմաստուն խոսք կա՝ ակնկալիք մի ունեցիր, որ չհիասթափվես: Ես չեմ ունեցել ակնկալիք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով այս ամենի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին ու պահվածքին, Է. Մարուքյանն ասաց, որ որպես դաշնակից պետություն, որպես ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը պատերազմի առաջին օրից  արել և անում է շատ բան, որի մասին, կարող է, լրագրողները չգիտեն:

«Հրադադարը մեզ շատ անհրաժեշտ է, որովհետև ունենք ռազմագերիներ ու հերոսների դիակներ, որոնք պետք է դուրս բերենք այդ հատվածներից: Մենք հիմա դա չենք կարող անել: Ցանկացած մարդ, որ ունի տարրական հարգանք զոհվածի կամ ռազմագերու նկատմամբ, նա պետք է կողմ լինի հումանիտար հրադադարին: Դա պատերազմի կանոն է: Մինչև այսօր երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներն ու հեռախոսազանգերը եղել են հումանիտար հրադադարի մասին»,- շեշտեց ԼՀ խմբակցության ղեկավարը:

168.am-ի հարցին՝ ի՞նչ կարող ենք ակնկալել Հայաստանի արտգործնախարարի Մոսկվա կատարած այսօրվա այցից, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այցի մասին տեղեկություն չունի, բայց ենթադրում է, որ կրկին հումանիտար հրադադարի հարցն է քննարկվելու:

«Լավրովը բոլոր իր ելույթներում նշում է, որ հրադադարի պահպանման վերիֆիկացիայի հարցն է քննարկվում: Սա նշանակում է, որ ինչ-որ մեխանիզմներ ներդրվեն, օրինակ, դիտորդներ բերվեն՝ սահմանին կանգնեն, և իրենք հետևեն հրադադարի ռեժիմին: Մեր տեղեկություններով՝ մինչև հիմա Ադրբեջանը չի համաձայնել դրան, որովհետև նա չի դադարեցնում ռազմական գործողությունները: Այսինքն՝ ագրեսիայի, հարձակման իր պլանը նա շարունակում է իրագործել: Փառք ու պատիվ մեր բանակին, որ այդ պլանը չի իրագործվում: Այս իրավիճակում ելքը զինված ուժով իրենց հետ շպրտելն է, մեզ որևէ այլընտրանք թողնված չէ: Պետք է ուղղակի ջախջախել ու հետ շպրտել, ուրիշ ելք չկա»,- ասաց նա:

Նա նաև ընդգծեց, որ  Հայաստանի անկախության օրվանից  Հայաստանի հայացքն ուղղված է Ռուսաստանին:

«Հայաստանն ունի մեկ ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը: Հայաստանը մի ռազմաքաղաքական կառույցի անդամ է, որը, ըստ էության, գլխավորում է Ռուսաստանը: Դրա այլընտրանքը չկա: Արևմուտքը ողջունել է Ռուսաստանի միջնորդությունը: Այսինքն՝ ՌԴ-ն ունի մանդատ, որ, եթե հիմա միջամտի, որևէ մեկը չի դատապարտելու դա»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս