Այսօր հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղերձը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը:
«Սիրելի Հայրենակիցներ, այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը, որ մեր ընտրյալ զավակներն օրինակելի կերպով իրականացնում են հայրենի սահմաններին։ Մնայուն արժեքների շահարկմամբ քաղաքակիրթ աշխարհն ինչպես երեկ, այժմ էլ խուլ է մեր ոտնահարվող իրավունքների նկատմամբ եւ կույր՝ մեր կրած նեղությունների հանդեպ, բայց շարունակում է արդարության եւ առաքինության սին դասեր տալ:
Հայը լույսի, ճշմարտության եւ արդարության զինվոր է, որ խավարն է անտրտունջ հալածում, սուտն է ինքնամոռաց հերքում, անիրավության դեմ պայքարելիս չի հոգնում։
Մեր Սրբազան Մայր Հայրենիքի, որի Սուրբ հողը մեր նահատակների նվիրական արյունով է ոռոգված, պաշտպանությունը մեր գոյության իմաստավորումն է, մեր պատասխանատվության լրումն է, մեր կյանքի արժեւորումն է։ Այստեղ եւ միայն այստեղ են մեր սրբություններն ու սիրելիները, մեր արմատները, մեր նախնյաց ու մեր սրտից չհեռացածների շիրիմները, մեր փայփայած իղձերի կատարումը, մեր եւ մեր սիրասուն ժառանգների պայծառ գալիքը։ Ուրիշ Հայրենիք չունենք եւ չենք էլ ուզում, մերը բավական է մեզ։ Այս է պատճառը, որ մեր Հայկ Նահապետն իր անհաղթելի ոգու տոկունությամբ Հայոց աշխարհի սահմանների անառիկությունը հաստատեց, Սուրբ Վարդանանք աներկյուղ մահվանն ընդառաջ ելան, մեր ֆիդայիները Հայրենիքի փրկության զենքը կյանքի ուղեկից դարձրին, Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով մեր թշնամուն իր ժամանակավոր որջը քշեցինք։
Մեր ստեղծագործ ազգը երկնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Գրիգոր Նարեկացի, կենդանի նահատակ Կոմիտաս, բայց եւ Սասնա Ծռեր, Անդրանիկ զորավար, Գարեգին Նժդեհ …
Այսօր Հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. մենք Թորգոմյան Տան հարազատ զավակներն ենք, տերն ենք մեր Սրբազան երկրի ու պատասխանատուն նրա գալիքի։ Մեր առյուծասիրտ նահատակների արյունը մեզ արդարության վերջնական հաղթանակին է կոչում, եւ Հայկյան ոգու արիությամբ, Սուրբ Վարդանանց անմնացորդ հավատքով, ֆիդայական աննահանջ հույսով ու նոր Ավարայրի հերոսների հայրենանվեր սիրով պիտի մոտեցնենք մեր ազգի լուսավոր ապագան եւ Հայոց աշխարհի համար բաղձալի արշալույսներ ծագեցնենք։ Մեր գործն արդար է, մեր հույսն՝ Ամենազոր Աստված»։