«Կա մեկ պատասխանատու, կա մեկ իշխանություն». Էդմոն Մարուքյանը՝ 16 կուսակցությունների համատեղ հայտարարության մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կարիք չկա, որ քաղաքական ուժերը հայտարարեն, որ ռազմաքաղաքական շտաբ ձևավորվի:
Նրա կարծիքով՝ օպերատիվ կառավարման իմաստով կոլեգիալ մարմինների ներգրավումը կարող է բերել կոլեգիալ անպատասխանատվության:
«Կա մեկ պատասխանատու, կա մեկ իշխանություն, և նա դա իրագործում է: Միաժամանակ մենք դեմ չենք եղել, որ գուցե քննարկեն ու ասեն՝ լավ, եկեք ստեղծենք: Եթե ողջունեինք այդ հայտարարությունը, կստորագրեինք: Բայց նաև դեմ էլ չենք, եթե նման բան ստեղծվի: Մենք գտնում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն ներուժ ինչ-որ բան առաջարկելու, ինչ-որ ծառայություն մատուցելու, մեր տեղեկություններով՝ առաջին օրից այդ առաջարկություններն արված են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 16 ուժերի հայտարարությանը, որտեղ նրանք պահանջել էին իշխանություններից ստեղծել ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ:
Նրա կարծիքով՝ օպերատիվ շտաբ ձևավորելու համար որոշում կայացնողն այն մարդիկ են, որոնք ամենօրյա ռեժիմով պատերազմ են վարում. «Եթե իրենք գտնեն, որ պետք է, թող ստեղծեն»,- հավելեց նա: