«Միանշանակ, սա կարելի է համարել վիրուսի երկրորդ ալիք». Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսի թվերի ավելացման մասին
«Կորոնավիրուսով վարակվածների թվերը բավականին աճել են, և սա պայմանավորված է հիմնականում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության շարժով, երեկ արձանագրվել է 1600-ից ավելի նոր դեպք: Սակայն առողջապահության համակարգն այս պահին ըստ էության վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանը:
Նա տեղեկացրեց, որ վերաբացվել են բավականաչափ թվով բուժհաստատություններ, և այժմ գործընթացի մեջ ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, ևս 2-ն էլ այսօր կամ վաղը կավելացվի: Արդյունքում՝ 22 բուժհաստատություն կզբաղվի կորոնավիրուսով վարակված անձանց բուժմամբ:
«Այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բուժօգնությունը ստանում են տնային պայմաններում: Ինչպես ցանկացած վիրուս, այս վիրուսը ևս շրջանառելու ընթացքում վիրուսի վարակելիությունը թուլանում է, և այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, կամ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ ավելի պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Միանշանակ սա կարելի է համարել վիրուսի երկրորդ ալիք»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը:
Նա վստահեցրեց, որ այս պահին առողջապահական համակարգը լիովին վերահսկում է իրավիճակը, այսինքն՝ մարդկային ներուժի խնդիր այս պահին առնվազն չկա: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահական համակարգն այսօր պայքարում է երկու ճակատներում, բնակչությունը պետք է ավելացնի զգոնությունը:
Նա նշեց, որ բոլոր միջոցառումներն իրականացնում են, որպեսզի վիրավոր զինծառայողները հիվանդանոցներում չվարակվեն կորոնավիրուսով:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ մի քանի պատվաստանյութ փորձարկումների փուլում է:
«Այս պահին ապացուցված պատվաստանյութ, որը կարելի է արդյունավետորեն կիրառել՝ չկա: Յուրաքանչյուրն իրեն պատասխանատու պետք է զգա, և, եթե տանը կա կորոնավիրուսով վարակված անձ, չգնա աշխատանքի: Տեսչական մարմինները ևս լծված են ռազմական դրության հետ կապված գործառույթներ իրականացնելով, բնակչության բարձր գիտակցությունն այս իրավիճակում բավականաչափ կարևոր է»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է: