Մոսկվայում Մնացականյանն ու Բայրամովը հանդիպումներ են ունենում Լավրովի հետ․ նախատեսվո՞ւմ է արդյոք եռակողմ հանդիպում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ քիչ անց նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ներկայացնելով նախարար Մնացականյանի մոսկովյան այցը։ ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասնել էր, որ այցի օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։
Քիչ առաջ ռուսական մի շարք լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ ռուսական կողմի հետ խորհրդակցությունների նպատակով Մոսկվայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
168․am-ը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախատեսվում է Մոսկվայում եռակողմ Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպում։ Նա նշեց, որ այն հանդիպումը, որը նախատեսվում է, արդեն նշել է։
«Տեղեկություն չունեմ այլ հանդիպման մասին»,- ասաց Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր բոլոր հրապարակային անդրադարձներում նշում է, որ անհապաղ կերպով պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանելով այն պայմանավորվածությունները, որոնք կայացել են Մոսկվայի միջնորդությամբ։ Նշենք նաև, որ այդ պայմանավորվածությունների համաձայն՝ արդեն 2 անգամ հրադադար է հայտարարվել, սակայն չի պահպանվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։