Շավարշ Քոչարյանը` Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման և ԱԳ նախարարի այցի մասին

ՀՀ ԱԳՆ–ն տարածել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը

Շավարշ Քոչարյան. Առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև զինադադարի հայտարարման երկրորդ փորձն արդեն, ըստ էության, փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը։ Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։ Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է՝ երեք համանախագահների մոտ էլ. որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադարադարը պաշտպանվի, իրականացվի: Եվ պատահական չի, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այդ քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի. չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար և հետո խախտվում է։

Եկեք ճիշտ հասկանանք։ Իհարկե, դա արդեն ուրիշ խնդիր է, որ ներկա փուլում երեք համանախագահները ունեն մանդատ նպաստելու, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։ Դա է իրենց մանդատը։ Ինչպես նաև երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ իրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 2016թ. միանգամից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվեց։ Սա իրենց համար ահազանգ է։

Հարց. Պարոն Քոչարյան, իսկ վարչապետ Փաշինյանի և Ալիևի Մոսկվայում նախանշված հանդիպումը ինչի՞ն է նվիրված լինելու։

Շավարշ Քոչարյան. Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ, այսօր ես արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիր է դրված, համենայն դեպս, միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվում է։ Սա է։

Հարց. Պարոն Քոչարյան, միջազգային կառույցների արձագանքը բավարարո՞ւմ է Հայաստանին։

Շավարշ Քոչարյան. Նախ տարբեր արձագանքներ կան, սակայն այստեղ շատ էական է հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշման։ Մենք էլ պետք է հստակ լինենք: Իհարկե, շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք։ Չի կարելի դիտարկել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետությունը, որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։ Չի կարելի տարբերակել, ինձ թվում է դրա մասին այսօր խոսել է մարդու իրավունքների պաշտպանը, չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից՝ որտեղ և որ սուբյեկտում են բնակվում։ Դա ակնհայտ է։ Այստեղ խնդիրներ կան։ Կան տարբեր արձագանքներ։ Գիտեք ինչ, ես մի բան եմ ուզում ասել. 1990-ականներին կարող է վիճակը շատ ավելի ծանր էր, և եթե մենք դիտարկում ենք աշխարհը, այսպես ասած, ինչու է լռում… Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ։ Եկեք դա արձանագրենք։ Եվ հիմա խնդիրը՝ արձագանքը, միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև կյանքերի հարց է։ Բայց մյուս կողմից մենք պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ այն միտքը, որ հույսը դնում են՝ օտարը կգա կօգնի՝ դատապարտված է։

Մենք պատերազմի մեջ ենք։ Ավելին, Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ, այո, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը։ Այդ տեսակետից մենք պետք է այդ բոլորին չնայենք աջ կամ ձախ, այլ պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ հետ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները։

Հարց. Այսինքն՝ մարտի դաշտի՞ց է կախված ընդհանուր առմամբ, թե դիվանագիտական հարթակում ինչպիսին կլինի իրավիճակը։

Շավարշ Քոչարյան. Դիվանագետները միշտ պիտի գործեն, բայց հաղթանակը քեզ այնպիսի հնարավորություն է տալիս՝ դիվանագետին, անհամեմատ ավելի բարձր, քան եթե այդ հաղթանակը դեռ հասցված չէ վերջին։

Հարց. Պարոն Քոչարյան, ինչու՞ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ եղել են նաև…

Շավարշ Քոչարյան. Շատ պարզ ասեմ։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայատանի Հանրապետության հանդեպ։ Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է։ Դիմելու համար. եթե եղավ հարց ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասով, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին՝ առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եվ այդ բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկի ՄԱԿ-ը։

Հարց․ Պարոն Քոչարյան, Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Factor TV-ի հետ զրույցում օրեր առաջ ասաց, որ անհասկանալի է իր համար՝ ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմում, քանի որ ինքն էլ տեսել է, բոլորը տեղյակ են՝ եղել են նաև կրակոցներ խաղաղ բնակչության շրջանում։

Շավարշ Քոչարյան. Տեսեք, ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով:

Հարց․ Ասում են, եթե Հայաստանը ուզում է՝ ՀԱՊԿ-ը գործի, գիտի ինչ պետք է անել. պետք է դիմել:

Շավարշ Քոչարյան. Շատ լավ, գիտենք և անում ենք: Ավելին ասեմ, առաջին դեմքերի մակարդակով, նույնիսկ, կա ինֆորմացիայի փոխանակում: Ավել չեմ ուզում ասել. կարծում եմ դա արդեն վարչապետի մամուլի գրասենյակի գործառույթն է: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք: Այս պահին դա է արվում: Կգա պահը, երբ որ կարվեն այլ քայլեր: Բայց ես հույս ունեմ հակառակը, որ այդ պահը չի գա:

Տեսանյութեր

Լրահոս