«Մեր տղաներն իրենց խիզախության հաշվին ձախողում են հակառակորդի ծրագրերը». Դավիթ Բաբայան
«Իրավիճակն Արցախում ընդհանուր առմամբ անփոփոխ է, հակառակորդը չի պահպանում հրադադարի ռեժիմը որոշ հատվածներում փորձում է ճեղքել մեր պաշտպանական համակարգը: Ընթանում են համառ մարտեր, և մեր տղաներն իրենց խիզախության հաշվին ձախողում են հակառակորդի ծրագրերը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի գիշերը Մոսկվա կատարած կարճատև այցին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման այցերը նորմալ են, և մշտապես եղբայրական երկրների հետ պետք է ունենալ շատ սերտ համագործակցություն և կապեր:
«Մոսկվա այցելությունը, մասնավորապես՝ ներկա պայմաններում, կարծում եմ՝ շատ պահանջված է, որովհետև Ադրբեջանը չի հարգում զինադադարի ռեժիմը, որի գլխավոր միջնորդն է եղել և հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը: Հետևաբար այնտեղ՝ մեր եղբայրական երկրի հետ հանդիպումները շատ կարևոր են, և մենք ունենք ակնկալիքներ, որ այդ հանդիպումը դրական ազդեցություն կունենա և՛ պատերազմի դադարեցման, և՛ առհասարակ իրավիճակի կայունացման տեսակետից»,- շեշտեց Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ գիշերը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը։
Ինչ վերաբերում է Իրանի հայտարարությանը՝ Իրանի տարածքում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ, Դավիթ Բաբայանը նկատեց՝ այդ զորավարժությունները, որոնք Իրանն անցկացնում է, նախատեսված չէր պլանավորվել:
«Իհարկե, այս զորավարժությունները հետևանք է այն ամենի, ինչ կատարվում է հիմա մեր տարածաշրջանում, և թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիայի: Մինչ այդ մենք տեսանք Իրանի շատ կոշտ արձագանքը, որ իրենք դեմ են գլխատումներին, որոնք իբրև իսլամի դրոշի տակ են անցկացնում, սա էլ է Թեհրանի դիրքորոշումը՝ արդեն քաղաքակրթական ձևով, իսկ զորավարժություններն ինչ-որ տեղ ռազմաքաղաքական պատասխանն է այդ զորավարժություններին՝ իր անվտանգությունն ապահովելու համար: Այն, որ Ադրբեջանի կողմից Իրանի տարածքում մի քանի անգամ հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, սա էլ է վտանգ Իրանի համար, այդ պատճառով էլ անցկացնում են այդ զորավարժությունները»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ tasnimnews.com կայքը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ից Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է. «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, ինչի մասին հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն: Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտրոնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:
Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է»,- փոխանցել է կայքը: