«Սպուտնիկ V»-ի արտադրողը COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստման մեկնարկը հնարավոր է համարել նոյեմբերին

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատրաստուկով ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը պլանավորվում է նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է «Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատեւը:

«Քննարկումը, խորհրդակցությունները եւ աշխատանքը ընթանում են բառացիորեն ամեն օր (…) Այժմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասշտաբավորման գործում ընդգրկված է 5 արտադրական հարթակ, ընդհանուր գնահատմամբ՝ զգալի քանակություն, եւ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել նոյեմբերի վերջից եւ դեկտեմբերին»,-ասել է Իգնատեւը՝ հանդես գալով «Ինովացիայի բացահայտում» համաժողովում: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան առաջին պատվաստանյութը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ, որն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Այժմ այն հետգրանցումային հետազոտություններ է անցնում Մոսկվայում, որին մասնակցում է 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանա:

Դրան զուգահեռ պատվաստում են ստանում ռիսկի խմբերը՝ բուժաշխատողները, ուսուցիչները: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «էպիՎակԿորոնա»-ն, գրանցվել է հոկտեմբերի 14-ին:

Պատրաստուկի հետգրանցումային հետազոտություններին նույնպես կմասնակցի 40 հազար մարդ՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում, առանձին այն կթեստավորեն 60-ից բարձր տարիքի 150 կամավորների վրա: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում է, պատվաստանյութը գրանցում կարող է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս