Բաժիններ՝

Կանգնել հայերի կողքին. «Թղթե տունը» ֆիլմի հայ դերասանը կոչ է արել կասեցնել Էրդողանին և Ալիևին

«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու հզոր երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հարդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ագրեսիան:

Տեսանյութում դերասանն ասում է, որ և՛ հայ է, և՛ իսպանացի: «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա: Դա Էրդողանի և Ալիևի՝ հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու փորձ է: Դա ավելին է, քան պատերազմը. Հայաստանն Արցախի հետ ունի 3. 150 000 բնակչություն, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ընդհանուր հաշվով 92 մլն բնակչություն ունեն: Բացի այդ, Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ ասես այդ ամենը քիչ է, դեռ նրանց շարքերում են նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից: Նրանց վարձել են, որ սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը»,- ընդգծում է Կեուչկերյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ զավթելու որևէ մեկին և ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որևէ մեկի հետ. կա 3 մլն հայ, և նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք:

«Նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ և ողբալի պատմության ընթացքում նրանք չեն կարողացել մեզնից խլել մեր ժպիտը, պատրանքները, երազանքները, ուժը, կամքը: Եվ ո՛չ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը և արյան կանչը: Նրանց դա չի՛ հաջողվել, չի՛ հաջողվում և չի՛ էլ հաջողվի: Չե՛ք կարողանա»,- նշում է դերասանն ու հիշեցնում, որն 1915 թվականին թուրքերը, օգտագործելով առաջին համաշխարհային պատերազմը որպես քողարկում, կոտորել են ավելի քան 1 մլն հայի: Նրա համոզմամբ՝ մինչ օրս Էրդողանի Թուրքիան չի ճանաչել և զբաղեցնում է ի սկզբանե հայկական տարածքի շուրջ 80 տոկոսը՝ ներառյալ Արարատ լեռը, որն ինչքան էլ քարտեզներում և սահմաններում ընդգրկվում է Թուրքիայի կազմի մեջ, հայերի սուրբ լեռն է և միշտ էլ կլինի հայկական:

Հովիկ Կեուչկերյանն ասում, է որ 2020 թվականին արդեն որպես քողարկում օգտագործելով աշխարհում տիրող ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, Էրդողանն ու Ալիևը փորձում են նորից էթնիկ զտումներ սկսել՝ նոր ցեղասպանություն իրականացնելով:

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանին և ՄԱԿ-ին՝ վե՛րջ տալ հայտարարություններին, վե՛րջ տալ մտադրություններին և վե՛րջ տալ լոկ խոսքերին: Ժամանակն է գործելու և հնարավորինս արագ: Դուք ունեք բարոյական պարտավորություն, որը վեր է ցանկացած այլ պայմանից, զորք ուղարկելու Արցախ՝ խաղաղ բնակչության իրավունքները պաշտպանելու և այս բարբարոսությանը հիմնավոր վերջ դնելու համար: Կտրուկ և վերջնականապես կանգնեցրե՛ք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրե՛ք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել»,- շեշտում է Կեուչկերյանն ու ընդգծում, որ հակառակ դեպքում ստիպված են լինելու գործ ունենալ իրենց իսկ «Ադոլֆ Հիտլերի» հետ:

Հովիկ Կեուչկերյանը նշում է՝ մինչ վերոնշյալ երկրներն ու կազմակերպությունները որոշումներ են կայացնում, հայերը կռվում են, դիմադրում և պաշտպանվում, պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախնիների և մեր փոքրիկ հայկական հողի:

«Քանի դեռ կա գեթ մեկ հայ՝ ոտքի վրա կանգնած, որը ընդունակ է զենք վերցնել և շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կշարունակեք պայքարել մինչև վերջ։ Երբեք չենք հանձվի։ Երբեք չենք նահանջի և, չկասկածեք, միշտ էլ հայը կանգնած է լինելու և շարունակելու է պայքարը։ Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին, բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակում է դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս