Ստեղծագործելով՝ ինքդ քեզ ես փրկում և կարողանում ես ապրել. Հուսիկ Արան ներկայացրել է «Էլեգիա» գործը
Բանաստեղծ Հուսիկ Արան Արցախի և Հայաստանի համար այս ծանր օրերին անգործ չի նստում, նա շարունակում է ստեղծագործել՝ իր հույզերն ու ապրումները փոխանցելով թղթին: Օրերս «Գրանիշ»-ը հրապարակել է հեղինակի «Էլեգիա» բանաստեղծությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հուսիկ Արան ասաց, որ «Էլեգիան» այն մասին է, թե պատերազմները քանի սերունդ են խլել մեզանից: «Կերպարներից մեկը հորեղբայրս է, որը չորրորդ պատերազմն է տեսնում, մյուսը՝ հորեղբորս որդին, որը երրորդ պատերազմն է տեսնում, իսկ նրա ութ տարեկան որդին երկրորդ պատերազմն է տեսնում, նորածին փոքրիկը՝ առաջին»,- նշեց բանաստեղծը:
Նա խոստովանեց, որ չի կարող հատկապես այս իրավիճակում չստեղծագործել, քանի որ գրելը հանգստացնում է: Գրողի խոսքով՝ օրեր շարունակ զգացմունքները կուտակվում են, իսկ ստեղծագործելու միջոցով ինքդ քեզ ես փրկում, ազատում ես, կարողանում ես ապրել:
Հուսիկ Արան պատմեց, որ իր պապի հայրը Սարդարապատի հերոսամարտի մասնակից է եղել, երկու պապերը նույնպես պատերազմների են մասնակցել: «Մորական պապս Վանի ինքնապաշտպանության մասնակից էր, հետո էլ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, հորս հայրը նույնպես մասնակցել է Երկրորդ համաշխարհայինին: Միայն հորս սերունդն է փրկվել: Երասխի ինքնապաշտպանությանը մասնակցել է իմ սերունդը, ավագ որդիս մասնակցել է Ապրիլյան պատերազմին»,- պատմեց Հուսիկ Արան ու հավելեց, որ պատերազմը սարսափելի բան է, որից ինքը նողկում է:
Լուսանկարի հեղինակ՝ Dirk Skiba