«Վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դաշնակցական եմ արդեն երեսուն տարի և հպարտ եմ:
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան:

Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանակ պարտք հերոսաբար զոհված յուրաքանչյուր հայ զինվորի առջև:

Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանակ պարտք մեր գումարտակի կազմում զոհված իմ ընկերների առջև…

Բայց այդ ցավը նաև ուժեղացնում է, պարտադրում լուծումներ գտնել, մեր թանկ զոհերին արժանի պետականություն կառուցել:

Ու այսօր, երբ բառի բուն իմաստով մեր զինվորի ոտքերի տակ թշնամու արկերից դողում է հողը, երբ մեր հողը մեր նահատակների արյամբ կարմիր է ներկվել, մեր զինվորի միտքն ու սիրտը թիկունքում է: Մեր զինվորը թիկունքում միասնություն ու մեկ բռունցք է ուզում տեսնել. սա այնքան պարզ է, անքննելի…

Պատերազմի երկրորդ օրը, երբ 14 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ մի կողմ են դնում քաղաքական տարաձայնություններն ու կանգնում են հայ զինվորի ու պետականության կողքին, հենց այս՝ պետական ու ազգային շահով էին առաջնորդվում:
Այո, ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում: Այս է պահանջում մեր պետականությանն ուղղված սպառնալիքի չեզոքացումը:

Մի՞թե պարզից էլ պարզ չէ, որ օրհասական այս պահին ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում առկա խնդիրները օպերատիվ, ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում, համազգային փորձի ու ներուժի մեկտեղում: /Գնահատականները՝ հետո…/
Մի՞թե սա չէ արդարացիորեն գոյապահպանական ու հայրենական գնահատված թուրք-ադրբեջանական պատերազմը դիմագրավելու միակ ճանապարհը: Մի՞թե սա մեր պետականությանն ուղղված սպառնալիքի չեզոքացման ճանապարհը չէ:

Մի՞թե չարենցյան «Ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնության մեջ է» հորդորը սոսկ բաժակաճառ է ու տեքստեր զարդարելու հարմար մեջբերում:

Մի՞թե դժվար է հասկանալ, թե մեր միասնականությունը, հատկապես այս պահին, ինչ քաղաքական էներգիա և ուղերձ ունի՝ թե թշնամուն, թե միջազգային հանրությանը և թե՝ ներսում, բոլորիս համար, բայց նախևառաջ առաջնագծում մաքառող հայ զինվորի համար:

Եվ մի՞թե կա այլ ընտրություն, երբ վարչապետը Սարդարապատի զանգերն է հնչեցնում և հայտարարում, թե թշնամին մեր ննջարանի շեմին է…Թե՞ սրանք իրականությունից կտրված գեղարվեստական իլյուստրացիաներ են, սոսկ զգացական զեղումներ…

Մի՞թե պարզ չէ, որ մեր հասարակությունն այսօր պառակտող կոչերն ակամայից թուրքական քաղաքական նպատակներ են սպասարկում:
Ո՜չ, դուք պարզապես ոչ թե ունակ չեք հասկանալու, որ իշխանությունից բարձր արժեքներ կան, որ ազգային պետականությունն ու ժողովրդի լինելիությունը բարձր է քաղաքական ամբիցիաներից, պարզապես վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված:

Դուք արդեն տևական ժամանակ քայքայում եք մեր հասարակության դիմադրողականությունը, ներքին թշնամու որոնման ու հանրային պառակտման ձեր ճիգերն ուղղված են մեր ազգային պետականության ու դիմադրողականության թուլացմանը:

Դուք լծվել եք վատթարագույնին՝ իռացիոնալի ճիրաններում պատանդառել եք հասարակությունը:

Դժվար չէ հասկանալն ու տեսնելը՝ սա ուղղորդված քաղաքականություն է, ծրագրավորած և երկու տարի ինտենսիվորեն իրականացված:

Այսօր էլ միասնականության ու ներուժի համախմբման 14 կուսակցությունների կոչը պիտակավորելու, հասարակությունը ջլատելու գործին լծվել են հենց նույն շրջանակները:

Եվ ովքե՞ր են աղմկողները՝

Նրանք, ովքեր Հայաստանը ապաոգեղենացնելու, մեր ազգային նկարագիրը խաթարելու ու զգոնությունը բթացնելու օրակարգերին էին լծվել:

Նրանք, ովքեր Հայաստանը վերականգնելու ռազմավարական ծրագիր էին մշակել և ըստ էության լծվել Հայաստանի կազմաքանդմանը…

Նրանք, ովքեր թուրքական շրջանակների հետ կրթական չափորոշիչներ էին մշակում ու թուրքից բարեկամի կերպար կերտում…

Նրանք, ովքեր նսեմացնում էին պատերազմի հերոսներին ու հայոց բանակը..

Նրանք, ովքեր հայտնի ճանապարհներով իրենց զավակներին փախցրել են բանակից ու այսօր Վաշինգտոնից կամ Պրահայից մեզ խորհուրդներ են տալիս…

Նրանք, ովքեր բանակից ու հայրենիքից ճողոպրելու համար պատրաստ են ծնող ու ազգություն ուրանալ…

Նրանք, ովքեր իրենց «ապահովության համար» գրպանում մեկ այլ երկրի անձնագիր են պահում…

Նրանք, ովքեր քարկոծում էին մեր եկեղեցին ու քայքայում մեր արժեհամակարգը…

Նրանք, որոնց «ջոկատներն» այդպես էլ Երևանի սահմանը չհատեցին, որովհետև զենք տվողները վստահ չէին, որ այդ զենքը հետո ներքին հաշվեհարդարի չի ուղղվի…

Բնական է, հասկանալի, թե ինչու են հենց նույն շրջանակները թիրախավորել Դաշնակցությանը:

Նրանք և նրանց պատվեր իջեցնողները շատ լավ գիտեն, ազգայինը Դաշնակցության էությունն է, նրանք լավ գիտեն, որ Դաշնակցությունը ազգային պետականության ծառան է ու տերը, և սա մեզ համար սոսկ լոզունգ չէ…

Նայեք աշխարհի բոլոր ծագերում դիվանագիտական ու օրենսդրական դարպասները կոտրող Հայ Դատի գրասենյակների աշխատանքներն ու լռեք…

Նայեք Արցախի շուրջն իր ներուժը մոբիլիզացնող ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի ճիգերն ու լռեք…

Նայեք Հայաստան հիմնադրամին միջոցներ ուղղելու ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի հայտարարություններն ու արդյունքներն ու լռեք…

Նայեք Արցախում, խաչը ձեռքին՝ հողի վրա քնած Բագրատ Սրբազանին ու լռեք…

Լսեք թուրքի թիկունքում Գինի լից երգող հրեշտակի աչքերով զինվորին ու լռեք…

Հիշեք ճակատում կողք- կողքի զոհված հայր ու որդուն, զույգ եղբայրներին, եռագույնով փաթաթված՝ թուրքի աչքերին ու գնդակին նայող գերուն ու լռեք…

Լռեք…

Մենք հաղթելու ենք, մենք դատապարտված ենք հաղթելու, ու գալու է կարգին երկիր կառուցելու ժամանակը:

Շատ բան ենք բաց թողել…Շատ բան կա անելու…

Պարտք ենք մեր զոհերին…»:

https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/3416651348411455

 

Տեսանյութեր

Լրահոս