«Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ». Գնել Սանոսյան

Պատերազմի սկսելուն զուգընթաց մեր տարածքում թշնամին սկսեց ԱԹՍ-ներով մեր հանրության ուշադրությունը գրավել, և որոշ տեղերում իրականացնել նաև հրթիռակոծումներ, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ, երկու վիրավոր:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Եվ վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց հերթական նման խոցման հետևանքով»,-հավելեց նա:

Ըստ նրա, Գեղարքունիքի մարզում վնասվել է շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց:

«Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն ամբողջովին տունը փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, որից հրդեհ էր բռնկվել: Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որի պատճառով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու խնդիր է առաջացել: Ընդհանուր առմամբ, մարզի բնակչությունը հենց առաջին օրից բավական լավ սկսել է սովորել Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին և բավական լավ քաղաքացիական պաշտպանության է անցել:

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ, և դա միայն Վարդենիսի տարածաշրջանում չէ, ԱԹՍ-ներ խոցվել են նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում»,-մանրամասնեց Գնել Սանոսյանը:

Պատեհն առիթն օգտագործելով, Գեղարքունիքի մարզպետը մի հերոսական դրվագ պատմեց. «Սևանից Գևորգը` ձեռքը գրպանում, Սևանի զիմնկոմիսարիատից հասել է մինչև ռազմաճակատ: Նա թաքցրել է փաստը, որ ձեռքը դաստակից չկա` զինկոմիսարիատում ձեռքը գրպանում պահելով: Եվ հիմա նա ռազմաճակատում է, առաջին գծում, մեր տղաների կողքին»:

Տեսանյութեր

Լրահոս