Բաժիններ՝

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը բնակիչների օգնության ոչ մի դիմում անպատասխան չի թողնում

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ձեռնամուխ է եղել ռմբապաստարաններում պատսպարված բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի ու դեղորայքի մատակարարման գործին: ԱԻՊԾ-ի հետ մեկտեղ թիկունքային աշխատանքների կազմակերպման գործում օգնության է հասել սկզբում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տաս հոգանոց խումբը, իսկ ներկայում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչության աշխատակիցները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ:

«Խմբում ընդգրկված են դեղագետներ, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հաստատություններին: Մյուսներն ընդգրկվել են պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում: Հումանիտար առաքելությունը շարունակվում է երբեմն նույնիսկ ռմբակոծությունների ներքո: Արվում է ամեն ինչ, որպեսզի պատսպարված բնակչությունն ապահովվի առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասաց Ավագյանը:

Նրա խոսքով` սա նաև ուղերձ է, որ ապաստարաններում գտնվող քաղաքացիները թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են:

Ավագյանը նաև հատուկ ընդգծեց, որ ապաստարանների բնակչությանը սնունդ և դեղորայք հասցնելու առաքելությանը միացել են կամավորներ:

Ներկայացնելով պատերազմի առաջին օրվանից ի վեր իրականացվող աշխատանքները` Արցախի ԱԻՊԾ հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության պետ Սասուն Սարուխանյանը կարևորեց Հայաստանից ժամանող հումանիտար խմբերի աջակցությունը:

«Առաջին օրվանից ձեռնամուխ եղանք ապաստարանների պատրաստումը բնակչության ընդունման համար: Ծառայության տնօրենի կողմից խնդիր դրվեց, որպեսզի բնակչությանը սննդով, դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովենք»,- ասաց Սարուխանյանը: Սարուխանյանի խոսքով` օգնության ոչ մի դիմում անպատասխան չի մնում:

«Արցախի փրկարար ծառայության և հումանիտար օգնության խմբերի միջոցով առաջին անհրաժեշտության պարագաների, դեղորայքի ու սննդի մատակարարումը ընդգրկում է նաև Արցախի Հանրապետության շրջանների մյուս բնակավայրերը»,- եզրափակեց Սարուխանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս