«Պատերազմը երկարատև է լինելու, բայց այն, որ իրենք հասկանալու են՝ իրենց ուզածն Արցախում չի լինելու, դա 100 տոկոս է». Կամո Հարությունյան
Ադրբեջանն ուզում է միանգամից Արցախի հարցը լուծել՝ թելադրելով իր կամքը, այսինքն, Արցախը լինի Ադրբեջանի կազմի մեջ: Դա է իր խնդիրը, ծրագիրը: Թուրքիան ուրիշ խնդիր է ուզում լուծել. Ադրբեջանի հետ մեկտեղ՝ այդ հարցը լուծել, և հետո Ադրբեջանին սարքել իր անկլավը: 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը:
«Չի բացառվում, որ իրենք ուզենան հարավային ուղղությամբ հասնել որոշակի «կիսվող» տարածքների ձեռքբերման, այդ թվում՝ Մեղրի և այլն: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան, առհասարակ, ամեն տեղ իր շահն է փնտրում, և պարզ է, որ այստեղ էլ է նույնն անում: Ադրբեջանն իր զորքերով, թուրքական ռազմական ուժով, վարձկաններով հարձակվել են փոքրիկ Արցախի վրա, որի միակ թիկունքը Հայաստանի Հանրապետությունն է: Պատկերացրեք՝ երեքով՝ Ադրբեջան, Թուրքիա, ահաբեկիչներ, հարձակվել են այս փոքրիկ հայկական պետության վրա, բայց չեն կարողանում հաղթել: Այո, չեն կարողանում, ճիշտ է՝ սահմաններում որոշակի փոփոխություններ ունենք, բայց պատերազմ է, մարտական գործողություններ են: Ես տեսնում եմ, որ պատերազմը երկարատև է լինելու, բայց այն, որ իրենք հասկանալու են՝ իրենց ուզածը այստեղ՝ Արցախում, չի լինելու, դա 100 տոկոս է»,- նշեց նա՝ հավելելով, որ ինչպես արցախյան առաջին պատերազմում էինք մեն-մենակ թշնամու դեմ և հաղթեցինք, այնպես էլ հիմա է լինելու:
«Ես վստահ եմ, որ այս անգամ էլ է այդպես լինելու: Ամեն ինչ գնում է դրան, և մենք իրար հետ մեր հաղթանակը տեսնելու և տոնելու ենք: Իհարկե, եթե համեմատենք 1990-ականների և այսօրվա պատերազմները, ապա դրանք տարբեր են, առաջին հերթին՝ կիրառվող սպառազինությամբ, և եթե այն ժամանակ մեկ ժամում 100 արկ էր արձակվում, հիմա՝ մի քանի անգամ ավելի: Զինտեխնիկայի մասով տարբերությունն ակնհայտ է: Երկրորդ՝ առաջին պատերազմում հաղթեցինք, երբ տեղի ունեցավ ուժերի կենտրոնացում, այսօր այդ խնդիրը չունենք»,- ընդգծեց ազատամարտիկը: