«Ադրբեջանում կա՛մ կա պայմանավորվածություն միջազգային հաստատությունների ներկայացուցիչների հետ, կա՛մ նրանց վրա ճնշում կա». Լարիսա Ալավերդյան

«Զարմանալի է, բայց մարդու իրավունքների պաշտպանության մեջ կա աքսիոմ, որ բոլոր տարածքներում՝ անկախ նրանց կարգավիճակից, մարդու իրավունքները հավասարապես պետք է պաշտպանվեն։ Այդ պատճառով էլ այն անձինք, որոնք արձագանքում են, թե Գանձակում քաղաքացիական անձինք են տուժել, նույնը պետք է անեին նաև Արցախում, որ թշնամու գործողությունների հետևանքով քաղաքացիական անձինք են վիրավորվել և զոհվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն այցելել է Գյանջա և լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին. «Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչո՞ւ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, Ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին»,- գրել էր Ռուբեն Մելիքյանը։

Լարիսա Ալավերդյանը մանրամասնեց, թե ինչու են Ադրբեջանում ՄԱԿ-ի ու այլ կառույցների ներկայացուցիչներ նման կերպ ակտիվ արձագանքում այնտեղ տեղի ունեցող դեպքերին: «Ադրբեջանում կա՛մ կա  պայմանավորվածություն միջազգային  հաստատությունների ներկայացուցիչների  հետ, կա՛մ նրանց վրա ճնշում կա։ Հետևաբար՝ Հայաստանում չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Դա ոչ թե իրենք պետք է իրենց հայեցողությամբ անեն, այլ դա իրենց պարտականությունն է, եթե Հայաստանում չեն կատարում, իսկ Ադրբեջանում կատարում են, մենք պետք է հասկանանք, որ այստեղ կա այդ հաստատությունների վրա ճնշում։ Փաստորեն, նրանք ունեն պայմանավորվածություն, որ ամբողջովին խեղաթյուրեն այն,  ինչը կատարվում է  մեր տարածաշրջանում»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ լավատես չէ, որ այսուհետև Հայաստանում գտնվող այդ կառույցների ներկայացուցիչները կարող են ակտիվ լինել, իսկ եթե հանկարծ նման բան անեն, ապա այդ ամենը լինելու է վերին աստիճանի ձևական։

«Պետք է բոլոր այն հաստատությունների հետ, որոնք կան աշխարհում, և այնտեղ կան Հայաստանի ներկայացուցիչներ՝ ակտիվ աշխատեն, որովհետև նրանք գալիս են այստեղ հանգստանալու, սա է ընդհանուր իրավիճակը։ Ընդհանուր առմամբ, եթե այստեղ մեր պետությունը նրանց հետ չաշխատի, ապա նրանք շարունակելու են ոչինչ չանել»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս