Անհրաժեշտ է զգոն լինել, մահճակալների քանակը սահմանափակ է, պետք է ընտրություն լինի՝ կորոնավիրուսով հիվանդների՞ն բուժել, թե՞ Արցախից տեղափոխված զինվորներին. Լուսինե Պարոնյան

«Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենում ենք կորոնավիրուսային վարակվածության ռեկորդային թվեր: Եթե հունիսին ամեն օր գրանցվում էր մոտ 700 դեպք, վերջին օրերին ունենք ռեկորդային աճ, որը, իհարկե, կապված է նաև պատերազմական իրավիճակով, քանի որ տեսնում ենք՝ ամեն օր մարդկանց կուտակումներ են լինում, թե՛ դրսում, թե՛  փոխադրամիջոցներում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները մղվել են երկրորդ պլան, մարդիկ կարծես թուլացրել են զգոնությունը, սոցիալական հեռավորություն չեն պահում, դիմակներ չեն կրում, օրինակ, հուղարկավորության արարողությունների ժամանակ:

«Մարդիկ պետք է հասկանան, որ նման վարքագծով ավելի են ծանրացնում մեր, հանրային առողջապահական մարմինների, բժշկական ծառայությունների վիճակը: Այսինքն՝ փոխանակ օգնենք սահմանին՝ առողջապահական համակարգն այսպիսի իրավիճակի ենք հասցնում: Մահճակալների քանակը սահմանափակ է, պետք է ընտրություն լինի՝ հիվանդների՞ն բուժել, թե՞ Արցախից տեղափոխված զինվորներին: Այս ամենը լավ հասկանալով՝ մեր բնակչությունը պետք է կրկնապատկի իր զգոնությունը: Դիմակ կրելը, ձեռքերն ախտահանելն ու սոցիալական հեռավորությունը պետք է պահենք՝ գիտակցելով, որ դրանով օգնում ենք մեր ռազմաճակատին»,- նշեց Լուսինե Պարոնյանը:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետն ընդգծեց՝ վիրուսի վարքագծի փոփոխություն չի նկատվում վարակելիության իմաստով, թեև ավելի թեթև դեպքերն ավելի շատ են, քան նախկինում, այս պահին կան 10 հազար ակտիվ դեպքեր, որոնցից 1600-ն է հիվանդանոցում գտնվում:

«Շուրջ 10 լաբորատորիա  է ներգավված կորոնավիրուսի թեստավորման գործընթացում: Մարզերում ևս հնարավոր է արդեն իրականացնել հետազոտություն: Օրը շուրջ 4000 հետազոտություն է արվում: Լաբորատորիաների առկայությունը հնարավորություն է տալիս ապահովել թեստավորման մեծ քանակը և շատ կասկածելի դեպքեր ընդգրկել»:

Հավելենք, որ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ը` առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ:

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին,  կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած:

Տեսանյութեր

Լրահոս